Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանի գնահատմամբ, արդար դատաքննության իրավունքը Հայաստանում ապահովված չէ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան

Արդար դատաքննության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատշաճ մակարդակով ապահովված չէ։ Կան խնդիրներ, եւ հենց դա է պատճառը, որ քաղաքացիները չեն վստահում դատական համակարգին, կարծում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով ուրբաթ օրը հրապարակեց հենց այդ խնդիրներին վերաբերող իր արտահերթ զեկույցը։

Արտահերթ զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ օրինակներով անդրադարձել է ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քրեական դատավարություններին ու առկա խնդիրներին։

«Այնպիսի տպավորություն է, որ, այնուամենայնիվ, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, եւ այստեղ մենք խնդիրներ ունենք», - ներկայացնելով զեկույցը՝ կարծիք հայտնեց Արմեն Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, այս տարվա ընթացքում դրական միտումներ, իհարկե, նկատվել են. - «Թե՛ վճռաբեկ դատարանի կողմից արդարացման դեպքեր եղան, թե՛ քաղաքացիների կողմից՝ իրենց սեփականության իրավունքի դեպքում հաղթողներ եղան։ Բայց սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, դա շարունակական պետք է լինի»։

Արդար դատաքննության իրավունքի խախտումները պայմանավորված են նրանով, որ դատարանները շարունակում են իրենց վրա կրել դատախազական համակարգի ազդեցությունը, եզրահանգում է Մարդու իրավունքների պաշտպանը։ Կան օրենսդրական թերություններ նույնպես։

Զեկույցում անդրադարձ կա նաեւ մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող դատավարություններին։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության վերաբերյալ, սակայն, Արմեն Հարությունյանը խուսափեց որոշակի գնահատականներ տալ՝ պատճառաբանելով, որ գործընթացը դեռեւս շարունակվում է։ Օմբուդսմենը միայն նշեց, որ դատարանում պաշտպանական կողմը շատ հաճախ անհավասար պայմաններում է գործել։

«Դատարանը ավելի շատ հակված է, կարծես թե, պաշտպանելու մեղադրական կողմի մոտեցումները», - մեկնաբանեց Արմեն Հարությունյանը։
XS
SM
MD
LG