Մատչելիության հղումներ

«Բջնի»-ն վաճառվում է ոչ թե աճուրդով, այլ ուղղակի գործարքով


«Բջնի» հանքային ջրերի գործարանի սնանկության կառավարիչ Արսեն Չիկչյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դեկտեմբերի 23-ին պարտատերերի ժողովը հավանություն է տվել գործարանը ոչ թե աճուրդի, այլ ուղղակի գործարքի միջոցով` 4 միլիարդ 300 միլիոն դրամով այլ ընկերության օտարելու մտադրությանը։

Ընկերության անունը Չիկչյանը չնշեց՝ ասելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է։ «Բջնի»-ի սնանկության կառավարիչը հավելեց միայն, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված, բայց հայտերի բացակայության պատճառով չկայացած վերջին աճուրդից հետո հաջորդ աճուրդը պետք է տեղի ունենար հունվարի 10-ից հետո։ Ընդ որում՝ գործարանի մեկնարկային գինը սահմանվելու էր 4 միլիարդ 147 միլիոն դրամ՝ նախորդ աճուրդում ներկայացված 5 միլարդ 184 միլիոնի փոխարեն։ Մինչ այդ, սակայն, ըստ Չիկյանի, գտնվել է գնորդ, ով պատրաստակամություն է հայտնել ավելին վճարել եւ ուղղակի գործարքի միջոցով ձեռք բերել բջնի գործարանը։

«Այդ մարդը առաջարկել է 4 միլիարդ 300 միլիոն։ Ես օրենքով սահմանված կարգով պարտատերերի ժողով եմ հրավիրել, ժողովն էլ իր համաձայնությունը տվել է», - նշեց Չիկչյանը։

«Բջնի» գործարանի շահերի ներկայացուցիչ` փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գործարանի գնորդը «Ռոյալ Արմենիա Սիգարետ» ընկերությունն է։ Փաստաբանը վստահ է, որ գործարանի նկատմամբ տեղի է ունենում հերթական ապօրինությունը, մասնավորապես, պարտատերերի ժողով հրավիրելիս այնպես է արվել, որ «Բջնի» ընկերության սեփականատերեր հանդիսացող Սուքիասյան ընտանիքի ներկայացուցիչները ժողովին չմասնակցեն, բացի այդ՝ գործարանի սեփականատերերին չեն տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Զոհրաբյանը վստահեցրեց, որ համապատասխան փաստերի կուտակումից հետո իրենք անպայման դատական կարգով վիճարկելու են այս գործարքի օրինականությունը։

«Սիլ կոնցեռն»-ին պատկանող «Բջնի» գործարանում 2007 թվականի նոյեմբերից իրականացված ստուգումների արդյունքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել «Բջնի»-ից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին։ Նույն ամսին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործարանում գույքագրում էր կատարել եւ գույքը կալանքի տակ առել:

2008 թվականի հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

2009 թվականի հունվարին, այնուհետեւ՝ փետրվարին տեղի ունեցած կրկնաճուրդի արդյունքում գործարանը գնեց գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ «Բջնի» գործարանի տնօրինությունը, սակայն, վիճարկեց աճուրդի օրինականությունը։ Դատարանը բավարարեց այս հայցը եւ գործարքը չեղյալ համարեց։ Այնուհետեւ գործարանի նկատմամբ սահմանվեց սնանկացման գործընթաց, որի ընթացքում դատարանի կողմից նշանակվեց սնանկության գործընթացի կառավարիչ։

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG