Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը սկզբունքային համաձայնություն տվեց վիրավորանքի եւ զրպարտանքի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին


Հինգշաբթի կայացած նիստում կառավարությունը սկզբունքային համաձայնություն տվեց վիրավորանքի եւ զրպարտանքի համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթին։

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որը ենթադրում է զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսվող պատժի ապաքրեականացում, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքով, լուրջ ճշգրտումների կարիք ունի։

«Սկզբունքորեն առաջարկում եմ կառավարությանը այս օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկել, սակայն կան լուրջ բացթողումներ ե՛ւ տեխնիկական բնույթի, ե՛ւ բովանդակային, եւ դրանք հաշվի առնելով միայն կառավարությունը կկարողանա դրական եզրակացություն տալ, եւ դրանք վերանայելուց հետո միայն Ազգային ժողովը կարող է ընդունել այս օրենքը», - իր խոսքում ասաց արդարադատության նախարարը։

Մասնավորապես, ըստ նախարարի, օրինագծում զրպարտության եւ վիրավորանքի համար միմյանցից տարբերվող պատասխանատվության 3 չափեր են սահմանված, սակայն հասկանալի չէ` որ դեպքում դրանք կարող են կիրառել։

Բացի այդ, ասում է Գեւորգ Դանիելյանը, օրինագծում կան դրույթներ, որոնք խոցելի են դարձնում վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ընթացակարգը. - «Չի կարելի պատասխանատվության ենթարկել այն անձին, որը կրկնում է նախկինում որեւէ լրատվության միջոցում արված վիրավորանքը եւ զրպարտանքը՝ եթե դա չի հերքվել։ Պետք է ասել, որ նախկինում հասկացության բնորոշումը տրված չէ՝ նախկինում կարող է լինել մեկ ժամ առաջ, մեկ օր առաջ... այինքն, հստակ պետք է ընդգծվեր, թե ինչ ասել է նախկինում։ Եվ երկրորդ՝ եթե որեւէ անձ չի փորձում հերքել իր հասցեին արված զրպարտանքը, դա դեռ չի նշանակում, որ իրավունք է վերապահվում որեւէ այլ լրատվության միջոցի առանց որեւէ պատասխանատվության կրկնելու նույն զրպարտանքը»։

Քրեական պատասխանատվությունը վիրավորանքի եւ զրպարտության համար այսօր գործնականում չի կիրառվում, այսինքն՝ սա երբեք իշխանության ձեռքին լծակ չի կարող դառնալ Հայաստանում խոսքի ազատությունը ճնշելու կամ սահմանափակելու համար, նաեւ հայտարարեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը։
XS
SM
MD
LG