Մատչելիության հղումներ

Այս տարվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը աշխատել է վնասով՝ խուսափելով բարձրացնել գործող սակագները։

«Մենք սկզբունքորեն մեզ վրա վերցրեցինք էներգահամակարգում սակագների աճի եւ Հայաստանի տնտեսության հետ կապված իրավիճակի ծանրությունը։ Չբարձրացրեցինք սակագները եւ տնտեսության վրա եղած բեռը մեզ վրա վերցնելով` հնարավորություն տվեցինք, որ փոքր եւ միջին բիզնեսը, ձեռնարկատերերը համապատասխան արդյունքների հասնեն», - ասաց ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը՝ լրագրողների հետ հինգշաբթի կայացած հանդիպմանը:

Ըստ Շայդուլինի, միայն սակագները չբարձրացնելու հետեւանքով առաջացած եկամուտների կորուստը կազմել է 845 միլիոն [ռուսական] ռուբլի (մոտ 35 միլիոն դոլար)։ Այդուհանդերձ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարին անցնող տարին գոհացնում է իրենց աշխատանքների ծավալների եւ որակի մասով։

2010 թվականին երկաթուղու սակագնային քաղաքականությունը կախված է միջազգային եւ ԱՊՀ-ի տարածքում սակագների հնարավոր փոփոխություններից, ասում է ընկերության գլխավոր տնօրենը եւ վստահեցնում, որ կտրուկ տատանումներ չեն լինի։

«Դուք պետք է հասկանաք, որ եթե այսօր պետությունը ցանկանում է որոշակի սակագին, ասենք` ցածր, տնտեսությունում ինչպես է լինում` կա՛մ պետությունը փոխհատուցում է, կա՛մ ազատ է թողնում։ Այլ ճանապարհ չկա», - հայտարարեց նա, նշելով, որ ընկերությունը նախատեսել է առանց վնասի աշխատել միայն 2016 թվականից։

Անդրադառնալով Իրան - Հայաստան եւ դեպի Թուրքիա երկաթգծերին, Շայդուլինն ասաց, որ եթե պետությունն ունի տարանցիկ ճանապարհներ, ապա դա արդեն եկամուտի աղբյուր է, ինչը կարող է նպաստել երկրի ներսում սակագների նվազեցմանը։

«Ինչո՞ւ ենք մենք այսօր շատ ուժեղ դիրքավորվում. այն պատճառով, որ հարեւանությամբ Վրաստանն է, որը եւս իրեն տեսնում եւ դիրքավորվում է Եվրոպա - Կարս - Ախալքալակ ուղղությամբ: Մենք ասում ենք` Եվրոպա - Կարս - Ախուրյան եւ այլն: Մենք պետք է լինենք տարանցիկ ճանապարհ, մենք պետք է լինենք տարանցիկ պետություն», - ասաց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը` ընդգծելով, որ իրենք պատրաստ են, մնացածը` քաղաքական խնդիր է։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրով այս տարվա համար նախատեսված 1 միլիարդ 172 միլիոն ռուբլու փոխարեն արվել է 1 միլիարդ 254 միլիոնի ներդրում, վստահեցնում է Շեւքեթ Շայդուլինը։ Տարվա ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2 միլիարդ 390 միլիոն ռուբլի, այդ թվում` նախորդ տարվա չկատարված պարտավորությունները, որոնք իրականացվել են այս տարի։

Շայդուլինի խոսքով` անցնող տարվա ընթացքում իրենք կատարել են կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների 94 տոկոսը։ Իսկ պարտավորությունների ամբողջական` արդեն 100 տոկոսանոց կատարմանը երկաթուղին պատրաստվում է հասնել հաջորդ տարի։

2009 թվականին երկաթուղայիններին չի հաջողվել եկամուտ ստանալ բեռնափոխադրումների մասով, ծրագրային ցուցանիշները չեն գոհացնում։ Արտահանումը կազմել ընդամենը 7.4 տոկոս, այնինչ նախորդ տարի 24 տոկոս է եղել։ Փոխարենը 2 անգամ ավելացել է ներքին փոխադրումների ծավալը։

2010 թվականի հունիսի 1-ից արագընթաց ուղեւորափոխադրումներ են նախատեսվում Գյումրի-Երեւան-Գյումրի ուղղությամբ։ Հաջորդ տարի նաեւ նախատեսվում է 20 տոկոսով բարձրացնել երկաթուղայինների աշխատավարձերը, իսկ շուկայում նոր դեմքով ներկայանալու համար՝ «Հարավկովկասյան երկաթուղին» հունվարին պատրաստվում է հանդես գալ նոր ապրանքանիշով։
XS
SM
MD
LG