Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը չի հավակնում նախագահ դառնալ


Հայաստան -- Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Հայաստան -- Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի հավակնում հանրապետության նախագահի պաշտոնին. իրեն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը բավական է։ Հինգշաբթի խորհրդարանում Հովիկ Աբրահամյանը այսպես արձագանքեց իշխող կուսակցության ներսում առկա խմորումների մասին լուրերին։

«Իմ կարծի՞քն եք ուզում իմանալ. լինելու է հերթական ընտրություն եւ ընտրվելու է Սերժ Սարգսյանը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ի նախագահը՝ հավելելով. - «Գոնե ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը ընտրվի»։

Վերջին շրջանում հայաստանյան մամուլում վարկածներ են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հեղաշրջում է ծրագրում։

«Ոչ մի անգամ աչքի չեմ ընկել թիմին դավաճանելու գործողություններով», - նաեւ ասաց ԱԺ-ի նախագահը։ - «Ընդհանրապես թիմի անդամ եմ, եւ միշտ հարգել եմ խաղի կանոնները։ Իսկ հակառակ կողմով, որ նվիրված եմ, մինչեւ վերջ պայքարող եմ, դա իմ կարծիքով 2007 թվականին ակնհայտ երեւացել է, որ ղեկավարել եմ Հանրապետական կուսակցության շտաբը Ազգային ժողովի ընտրություններում, 2008 թվականին ղեկավարել եմ հանրապետության նախագահի շտաբը»։

Այս ամենը, ըստ Հովիկ Աբրահամյանի, վստահության մասին է վկայում, եւ հակառակը չի էլ կարելի մտածել։

Ազգային ժողովի նախագահը ասաց, որ կառավարության հետ եւս որեւէ տարաձայնություն չի ունեցել, եւ դրական գնահատեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա տնտեսական թիմի անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշեց. - «Գտնում եմ, որ իրենք ավելի շատ անելիքներ ունեն իրենց զբաղեցրած պաշտոններում, քան կուսակցությունում»:

Նա անդրադարձավ նաեւ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող` իրենց նախկին գործընկեր Սասուն Միքայելյանին եւ պատգամավորության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Վերջերս խորհրդարանում մի քանի լրագրողների նախաձեռնությամբ Սասուն Միքայելյանին առողջական վիճակի պատճառով ազատ արձակելու խնդրանք-դիմում էր կազմվել, որը հասցեագրված էր երկրի նախագահին եւ որի տակ ստորագրել էին իշխող կոալիցիայի կուսակցությունների մոտ երկու տասնյակ պատգամավորներ, սակայն նրանց մեծամասնությունը հետո հրաժարվեց ստորագրություններից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք ճնշումների հետեւանքո՞վ պատգամավորները հրաժարվեցին ստորագրություններից, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց, թե կոռեկտ չի համարում, որ կուսակցության անդամ պատգամավորը ստորագրի այդ կուսակցության նախագահին ուղղված թղթի տակ. կուսակցությունում հնարավորություն կա Սերժ Սարգսյանի հետ շփվելու, եւ պատգամավորը կարող է բանավոր դիմել նրան: Բացի այդ, ըստ Հովիկ Աբրահամյանի, նախագահը օրենքով օժտված չէ պատգամավորի կամ խորհրդարանի նախագահի նամակի հիման վրա որեւէ մեկին ներել. խնդրանք-դիմումը պետք է գրի այն մարդը, որին ներման գործընթացը վերաբերում է:

Նիկոլ Փաշինյանի պատգամավոր ընտրվելու հնարավորությունը Հովիկ Աբրահամյանին չի անհանգստացնում. - «Հաջողություն եմ ցանկանում նրան, որ ընտրվի: Ես ուրախ կլինեմ, որ նա ընտրվի, որովհետեւ ինչքան մենք ընդդիմություն ենք ունենում Ազգային ժողովում, այնքան հարցերը ավելի խորն են քննարկվում, հակասությունների արդյունքում ծնվում են շատ լավ նախագծեր, շատ լավ օրենքներ: Միայն լավ բան եմ տեսնում: Ես ցանկանում եմ` եթե ունի ինքը հնարավորություն, թող ընտրվի, մասնակցի»:

Ազգային ժողովի նախագահը նաեւ կարծիք հայտնեց, թե «Մարտի 1»-ի էջը որպես փաստ փակված է, որպես երեւույթ` ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG