Մատչելիության հղումներ

Ադրբեջանում տեղական ընտրությունների ընթացքը «անտեսանելի էր»


Քվեաթերթիկների հաշվարկը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 23-ը դեկտեմբերի, 2009

Քվեաթերթիկների հաշվարկը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 23-ը դեկտեմբերի, 2009

Ադրբեջանի տեղական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդի Տեղական ինքնակառավարման կոնգրեսի փոխնախագահ Ժան Կլաուդիո Ֆրենկոնը, հինգշաբթի օրը կայացած ասուլիսում ներկայացնելով առաքելության նախնական եզրակացությունը, ասել է, թե «Ադրբեջանում չեն կատարել Եվրոպական խարտիայի պահանջները»:

«Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու ֆինանսական միջոցները չնչին են: Մենք դիմում ենք Ադրբեջանի կառավարությանը` եթե ոչ անմիջապես, ապա աստիճանաբար ուղղել այդ իրավիճակը», - հայտարարել է Ֆրենկոնը:

Նրա կարծիքով` Ադրբեջանում ընտրությունների անցկացման ընթացքը անտեսանելի էր. ո'չ հեռուստաընկերությունների հաղորդումներում, ո'չ փողոցներում չէր զգացվում, որ ընտրություններ են տեղի ունենում:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են խափանվել եթերում ընդդիմության հանդես գալու հնարավորությունները», - նշել է Ֆրենկոնը` հավելելով, որ նախընտրական լավ քարոզարշավը ժողովրդավարության ցուցանիշ է:

Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում անցկացված տեղական ընտրություններում եվրոպական դիտորդական առաքելության վերջնական եզրակացությունը հրապարակվելու է 2010 թվականի հունվարի 15-ին:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 32 տոկոսը: Քաղաքական ուժերից 16 կուսակցություններ մասնակցել են ընտրություններին: Ընտրվել են 15 հազար 682 տեղական պաշտոնյաներ` 1718 համայնքների համար: Առաջադրված շուրջ 31 հազար թեկնածուների կեսից ավելին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի «Յենի Ազերբայջան» կուսակցությունից են:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն քաղաքապետ չունի` նման պաշտոն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG