Մատչելիության հղումներ

Հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանը եւս մեկ շաբաթ կմնա քաղաքացիական հիվանդանոցում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Միքայելյանի բուժող բժիշկը` «Արմենիա» բժշկական կենտրոնի` Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը, հաջորդ շաբաթ կորոշվի, թե Միքայելյանի հետագա բուժումը որտեղ եւ ինչ հանգամանքներում է շարունակվելու:

«Դեռ բուժումը շարունակվում է, վերքերը դեռ լրիվ չեն առողջացել, եւ մոտակա մեկ շաբաթը նա դեռ կգտնվի հիվանդանոցում: Հետագայի համար` երկուշաբթի օրը նորից համապատասխան մասնագետների հետ կկատարվեն կոնսուլտացիաներ, ամեն մասնագետ կտա իր եզրակացությունը, որից հետո կորոշվի հետագան», - ասաց Մինասյանը:

Այնուհանդերձ, Սասուն Միքայելյանի բժիշկը նրա առողջական վիճակը դեռ անհամատեղելի է համարում քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու հետ. - «Այս պահին անհամատեղելի է, որովհետեւ, քրեակատարողական հիմնարկի բժիշկների հավաստմամբ, այնտեղ չկան համապատասխան մասնագետներ, չկան սարքավորումներ, եւ իրենք մեզ հետ համամիտ են, որ այս փուլում ինքը պետք է գտնվի նեղ մասնագիտացված հիվանդանոցում»:

Մեկ շաբաթ առաջ շնչուղիների շրջանում Միքայելյանը միանգամից մի քանի վիրահատություն տարավ: Ավետիք Մինասյանը փոխանցեց, որ հետվիրահատական շրջանում վիճակը բավարար է, բայց սրտի հետ կապված նախկին խնդիրները պահպանվում են:

«Շարունակվող սրտամկանի հետ կապված իր հին պրոբլեմն է ` հետինֆարկտային եւ սնուցման խանգարման, հետինֆարկտային սպի ունի, հետին պատի սնուցման խնդիր ունի, որը ալիքաձեւ ընթացք ունի` պարբերաբար սրվում է, պարբերաբար` կարգավորվում», - նշեց Մինասյանը: - «Որպես վիրահատության հետեւանք` ուներ աչքի հետ կապված թեթեւակի խնդիր, նշանակվել է համապատասխան բուժում, եւ արդեն կա դրական դինամիկա»:

Դատապարտյալների հիվանդանոցից Սասուն Միքայելյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 4-ին` շնչառական ուղիների խնդիրների պատճառով: Այստեղ նա շարունակում է մնալ իրավապահների խիստ հսկողության ներքո:
XS
SM
MD
LG