Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գերագույն դատարանը ապօրինի է ճանաչել Պլատոն Լեբեդեւի ձերբակալությունը


Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահությունը չորեքշաբթի օրը ապօրինի է ճանաչել ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով 2005 թվականին 9 տարվա ազատազրկման դատապարտված (հետագայում իջեցվել է մինչեւ 8 տարի) ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու գործընկերոջ` ՅՈւԿՕՍ-ի բաժնետոմսերի երկրորդ խոշոր սեփականատեր Պլատոն Լեբեդեւի 2003 թվականի ձերբակալությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դատարանն այդպիսի որոշում է ընդունել` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունն այն մասին, որ Լեբեդեւի ձերբակալության եւ խափանման միջոցի ընտրության ընթացքում իրավապահները խախտել են նրա իրավունքները։ Գերագույն դատարանը կարգադրել է վերսկսել Լեբեդեւի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։

«Ընդհանուր առմամբ, դա հաղթանակ է, սակայն առջեւում դեռ ունենք մեծ ծավալի աշխատանք», - ասել է Պլատոն Լեբեդեւի փաստաբան Ելենա Լիպցերը` պարզաբանելով, որ խափանման միջոց կալանքը մնում է ուժի մեջ, քանի որ Լեբեդեւը պատիժ է կրում երկրորդ քրեական գործով ընդունված դատավճռով։

«Այն փաստը, որ չեղյալ են հայտարարվել, մեր համոզմամբ, ապօրինի դատական որոշումներ, որոնք ապօրինի է ճանաչել նաեւ Ստրասբուրգի դատարանը, մեզ թույլ կտա հետագայում նոր հիմնավորումներով դիմել Գերագույն դատարան», - ասել է Լիպցերը։

Ստրասբուրգի դատարանը 2007 թվականի հոկտեմբերի 25-ին ապօրինի է ճանաչել 2003-2004 թվականներին Պլատոն Լեբեդեւի կալանքը եւ վճռել, որ Ռուսաստանը պարտավոր է 10 հազար եվրո հատուցում վճարել բանտարկյալին։

Տվյալ պահին Խոդորկովսկին եւ Լեբեդեւը Ռուսաստանի մայրաքաղաքի Խամովնիչեսկի շրջանի դատարանի որոշմամբ գտնվում են Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում, որտեղ կմնան առնվազն մինչեւ 2010 թվականի փետրվարի 17-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG