Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները աղավաղված են ներկայացնում համազեկուցողների զեկույցի որոշ դրույթներ»


Լեւոն Զուրաբյան

Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ` Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողների պատրաստած զեկույցը, այն չեն ներկայացրել հայաստանյան հանրությանը եւ, ի վերջո, աղավաղված են ներկայացրել դրա որոշ դրույթներ:

Նպատակը, ըստ նրա, շատ պարզ է. - «Որովհետեւ զեկույցի մեջ բավականին լուրջ, կոշտ գնահատականներ կան Նիկոյանի հանձնաժողովի կողմից ներկայացված զեկույցի վերաբերյալ, եւ ընդհանրապես` իշխանությունների վերաբերյալ»:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառները ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի գնահատականը, որը անցած շաբաթ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում չքննարկվեց` համազեկուցողների բացակայության պատճառով, հրապարակվել է Վեհաժողովի պաշտոնական կայքէջում:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցի նախատեսվող քննարկումներից, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Բազմաթիվ հարցեր դեռ մնացել են չլուծված, քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված չէ, մարտի 1-ի հանցագործությունները բացահայտված չեն, մեղավորները պատժված չեն, 15 քաղբանտարկյալ շարունակում է մնալ բանտերում, այսինքն` բոլոր իր պարտավորությունների ուղղություններով Հայաստանը պրոբլեմներ ունի, եւ այդ պրոբլեմները լուծված չեն, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ հետեւողականորեն այդ հարցերը բարձրացնենք միջազգային կառույցներում»:

«Հիմա փորձում են իշխանությունները ասել, որ «Մարտի 1»-ի էջը արդեն ավարտված է, շուռ տված է` դա ինքնախաբեություն է, նրանք փորձում են, փաստորեն, ե'ւ սեփական ժողովրդին, ե'ւ միջազգային հանրությանը մոլորեցնել: Իրականում այդ հարցը երբեք չի փակվի, մինչեւ չգտնվեն «Մարտի 1»-ի համար պատասխանատուները եւ չպատժվեն», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը` համոզմունք հայտնելով, որ «Մարտի 1»-ի խնդիրը մշտապես մնում է միջազգային հանրության ուշադրության ներքո, եւ դա բնական է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG