Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 23-ի մամուլ


Lragir.am-ը գրում է. - «2009 թվականն ակտիվ պահելու համար պետք է ինչ-որ առումով «շնորհակալ» լինենք նաեւ իշխանություններին, որոնք շարունակեցին բանտերում պահել քաղբանտարկյալներին, նույն տեմպերով շարունակեցին ճնշումները քաղաքական դաշտի մասնակիցների նկատմամբ, նախաձեռնեցին հայ - թուրքական անհայեցակարգ հարաբերությունները, թույլատրեցին Դաշնակցության տարաբնույթ ակցիաներն ու ակտիվությունը, եւ այս ֆոնին նոր լիցք հաղորդեցին ներիշխանական կոալիցիայի երկու խոշոր կուսակցությունների հնարավոր բախումների մասին խոսակցությունները: Եվ անտրամաբանական կլիներ, եթե այս ակտիվ տարին չունենար իր տրամաբանական ավարտը, որը հայ հասարակությանն է ներկայանում 10-րդ ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի պատգամավորության թեկնածու առաջադրումով: Հասկանալի է, որ այստեղ խնդիրը ոչ թե մանդատ ստանալն է կամ էլ խորհրդարանական ամբիոնը օգտագործել մի երկու սուր հայտարարության համար, այլ իրականում այն դառնալու է լակմուսի թուղթ ոչ միայն իշխանություն - ընդդիմություն հարաբերությունների նոր որակի վրա դնելու եւ «Եղիազար Այնթափցու» հարցը վերջնականապես լուծելու համար, այլ առաջին հերթին դրանք կարեւոր են հենց ընդդիմության ներսում հարցերը պարզելու ու ներքին միասնականության ու կամքի խնդիրը լուծելու համար»:

Արտաքին քաղաքական զարգացումների մասին «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունների կարծիքով, անցնող տարվա մեծագույն նվաճումը հայ - թուրքական արձանագրություններն էին, մինչդեռ ընդդիմությունն այդ արձանագրությունների ստորագրումը համարում է անցնող տարվա մեծագույն կորուստը: Եվ սա` այն դեպքում, երբ հայ - թուրքական «գործընթացն» առայժմ որեւէ կոնկրետ արդյունք չի տվել: Այսինքն, ստացվում է, որ իշխանությունները «մեծագույն նվաճում» են համարում մի գործընթաց, որը նոր միայն սկսվել է, առայժմ ընթանում է մեզ համար անցանկալի հունով, ու դեռ հայտնի էլ չէ` ընդհանրապես կհասնի՞ իր ավարտին, թե ոչ»: «Եվ այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե արտաքին քաղաքականության առումով 2009-ը լրիվ ձախողված էր: Իշխանություններին հաջողվեց խուսափել պատժամիջոցներից, հսկայական վարկեր կպցրեցինք, իսկ միջազգային կառույցներից մեկի միջին օղակի չինովնիկներից մեկն էլ մի առիթով ակնարկեց, թե չի բացառվում, որ որոշ ժամանակ անց, ինչ-ինչ զարգացումների դեպքում, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից մեկի ինչ-որ ենթաճյուղ անցնի Հայաստանով: Սա արդեն իսկապես ֆանտաստիկ հաջողություն էր», - հեգնում է թերթը:

«Ժամանակ»-ը գրում է. - «Գաղտնիք չէ, որ Հայաստանում դե ֆակտո իշխանությունը նրանն է, ով կարողանում է օլիգարխիային համոզել կամ հավաստիացնել, որ հենց ինքն է լինելու օլիգոպոլ համակարգի անվտանգության եւ հարատեւության ամենաարդյունավետ երաշխավորը: Բայց այդ գործում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանը պետք է ձեռք չտա Ռոբերտ Քոչարյանից մնացած համակարգին եւ դասավորությանը: Մինչդեռ իր իշխանության գաղտնիքը հենց դասավորությունը փոխելու մեջ է, քանի որ ներկայիս դասավորությանը Ռոբերտ Քոչարյանն ավելի լավ է տիրապետում, քան ինքը: Փոխել դասավորությունը, բայց միեւնույն ժամանակ ներկայանալ Ռոբերտ Քոչարյանից ոչ պակաս երաշխավոր, իսկ դրա հետ մեկտեղ էլ ձեւացնել, որ ինքն ավելի հանդուրժող ու ժողովրդավար է, քան Քոչարյանը, ու միեւնույն ժամանակ օլիգոպոլիային ապացուցել, որ դա ընդամենը ձեւականություն է, քարոզչական հնար, որ պետք է մարտավարական նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանի վիճակն այս առումով իսկապես աննախանձելի է, քանի որ նա կարծես թե գտնվում է պերմանենտ համոզումների շրջապտույտում, եւ կարծես թե ելքը կամ դրան կուլ գնալն է, կամ այդ հեռանկարից խուսափելու համար ջրից ընդհանրապես դուրս գալը»:

Հայաստանի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի գաղտնազերծված զեկույցի առթիվ մեղադրանքների թիրախ` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Մամուլից եմ տեղեկացել, որ կա նման զեկույց՝ բաղկացած 20 էջից, համազեկուցողները իրենց մտահոգությունն են արտահայտել հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ։ Հանձնաժողովի եզրակացությունը ուղղված էր նախ եւ առաջ Հայաստանի հասարակությանը։ Միշտ ասել եմ՝ մեզ համար առաջնայինը ժողովրդի կարծիքն է՝ թե մեր քաղաքացիներն ինչպես դա կընդունեն։ Իհարկե, միջազգային կազմակերպությունների արձագանքը նույնպես կարեւոր է, բայց երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, տվյալ դեպքում Հայաստանի հարցով համազեկուցողները, որոնք պատգամավորներ են՝ այլ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, գնահատական են տալիս այլ երկրի, տվյալ դեպքում Հայաստանի խորհրդարանի կամ պատգամավորների կատարած աշխատանքին, եւ իրենց տեսակետները ներկայացնում որպես վերին ատյանի ճշմարտություն, մեր լրատվամիջոցներն էլ նրանց ասածն ընդունում են որպես օրենք, որը բարձր է մեր օրենքներից ու սահմանադրությունից, դա ուղղակի ծիծաղելի է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG