Մատչելիության հղումներ

Ամփոփվեց նաեւ կրթական տարին. առջեւում դժվարություններ են սպասվում


ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյան

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյան

2009-ը Հայաստանի կրթական ոլորտի համար կարեւոր տարի է եղել` նոր նախարար, կրթական բարեփոխումներ, նորամուծություններ եւ այլն: Գալիք տարում, սակայն, ճգնաժամ է սպասվում ոչ միայն տնտեսության, այլեւ կրթության ոլորտում: Սակայն կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստվում է դիմակայել դրան:

2010-ին դպրոցներում չեն լինելու շրջանավարտներ եւ խնդիրներ են առաջանալու նաեւ բուհերում: Հենց այս խնդիրներից ելնելով կդյուրացվեն բուհական ընդունելության քննությունները: Ընդունված ուսանողի համար գերխնդիր կլինի ուսումը բարեհաջող ավարտելը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց ծնողներին չհավատալ դպրոցների տնօրենների այն խոստումներին, որոնց համաձայն` հնարավոր է տասներորդ դասարանցիների թռիչքային ուսուցումն ապահովելը: Իսկ տնօրեններին խորհուրդ տվեց հեռու մնալ նման ապօրինի որոշումներից, հակառակ դեպքում «կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

2009-ի ընթացքում նախարարությունը համաշխարհային բանկի վարկային ծրագրով 22 համայքններում իրականացրել է փորձարարական ծրագիր` ապահովելով նախադպրոցական կրթությունը: Առաջիկա չորս տարիների ընթացքում ծրագիրը կշարունակվի նաեւ հանրապետության 143 համայնքներում:

Խնդիրներ կան բարձրլեռնային եւ սահմանամերձ բնագավառների ուսումնական հաստատությունները կադրերով ապահովելու կապակցությամբ: Աշոտյանն ասաց, որ եկող տարի կվերանայվի նպատակային ընդունելությունը: Հեռավոր համայնքները կադրերով ապահովելու համար կարող են գործի դնել նաեւ գործուղումների ծրագրեր, որըն սակայն, արդյունավետ չէ ֆինանսական առումով:

Իսկ կրթուրյան որակի հսկողության առավել լայն հնարավորություններ ստեղծելու համար ընդունվել են լիցենզավորման նոր կանոններ: Նախարարի հավաստմամբ` արտասահմանցի դիտորդներին ու հյուրերին միշտ զարմացնում է հայաստանյան կուսակցությունների ու բուհերի առատությունը: Այս տարի 13 ոչ պետական բուհերի լիցենզիա կասեցվեց, մի մասը մասամբ, մի մասն` ամբողջությամբ: Նախարարն ասաց, որ գործընթացը շարունակվելու է նաեւ 2010-ի ընթացքում:
XS
SM
MD
LG