Մատչելիության հղումներ

Ամերիկյան մասնագետները հայ ոստիկանների համար ամբոխի կառավարման դասընթացներ կանցկացնեն


Հայաստան -- Ոստիկանների եւ ցուցարարների բախումը Մյասնիկյանի արձանի մոտակայքում, 1-ը մարտի, 2009թ.
Հայաստան -- Ոստիկանների եւ ցուցարարների բախումը Մյասնիկյանի արձանի մոտակայքում, 1-ը մարտի, 2009թ.

Հայաստանի կառավարության խնդրանքով, Միացյալ Նահանգների համապատասխան մասնագետներն առաջիկայում տեղի ոստիկանների համար ամբոխի կառավարման եւ ցուցարարների հետ շփումների ընթացքում ծանր հետեւանքներից խուսափելուն միտված դասընթացներ կանցկացնեն։ Երեքշաբթի այս մասին հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան իրավական համագործակցության եւ թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ջոն Մահերը։

Ամերիկացի պաշտոնյան նշեց, որ ամերիկյան կողմը Հայաստանի իշխանությունների հետ խորհրդատվություններ է անցկացրել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություներին առնչվող հարցերով, սակայն ներգրավված չի եղել այդ դեպքերի հետաքննության եւ փորձաքննության գործընթացներում։

Հայ ոստիկանների համար անցկացվելիք դասընթացների նպատակը, ինչպես մանրամասնեց Ջոն Մահերը, ոստիկաններին այնպիսի հմտությունների փոխանցումն է, որոնց գործադրման արդյունքում հնարավոր կլինի առավելագույնս խուսափել ուժի կիրառումից, ինչպես նաեւ պահպանել մարդու իրավունքները ոստիկան-ցուցարար շփումների ընթացքում։

Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում, մասնավորապես, ասված է. - «2008 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես` կապված նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ»։

Ջոն Մահերի ղեկավարած գրասենյակը իրավական, տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի իրավապահ մարմիններին, մասնավորապես, օժանդակություն բերելով թրաֆիքինգի, թմրամիջոցների եւ փողերի լվացման դեմ պայքարում։ Դեսպանատան այս կառույցը նաեւ իր ուշադրության տակ է պահում իրավապահների հետ շփվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG