Մատչելիության հղումներ

logo-print

Դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետն անձամբ կվառի մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: «Ի տարբերություն նախորդ տարիների Երեւանն այս տարի աննախադեպ տոնական տեսք է ունենալու», - վստահ է քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Եթե նախորդ տարիներին կենտրոնական տոնածառի խաղալիքների թիվը հազիվ հասնում էր 300-ի, ապա այս տարի Հանրապետության հրապարակի գեղեցկուհուն զարդարելու համար օգտագործել են 4128 խաղալիք եւ 31.200 լամպ, կիրառվելու է նաեւ վիդեոանիմացիա:

Դեկտեմբերի 31-ին` ուղիղ կեսգիեշերին, 2010-ի գալուստը ազդարարվելու է մայրաքաղաքի 15 տարբեր հատվածներից թնդացող հրավառություններով, իսկ նախորդ տարիների գիշերային էստրադային համերգին կփոխարինի DJ-ների երաժշտությունը: Էստրադային համերգ կկայանա հին նոր տարվա առթիվ` հունվարի 13-ի երեկոյան:

Տոնակատարություններն, ինչպես միշտ, շարունակվելու են մինչեւ հունվարի 13-ը: Հունվարի 1-12-ը, բացառությամբ հունվարի 7-ի, Հանրապետության հրապարակաում անկացվելու են տարբեր շոու ծրագրեր երեխաների համար, լինելու են Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ինչպես նաեւ տարբեր հեքիաթների հերոսներ: Շատրվաններին հարող տարածքում տեղադրվելու են լուսավորված տնակներ, լինելու են արտրակացիոններ:

Պարզ չէ, սակայն, թե որքան գումար է ծախսվել Երեւանին տոնական տեսք պարգեւելու համար, աշխատանքները դեռ չեն ամփոփվել: Քաղաքապետարանից հայտնեցին, որ պետական բյուջեից քաղաքի զարդարանքների համար միջոցներ չեն տրամադրվել, օգնել են Երեւանը շատ սիրող մեծահարուստներն ու մի շարք կազմակերպություններ:
XS
SM
MD
LG