Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի հանձնաժողովի նախկին անդամների արձագանքը ԵԽԽՎ-ի համազեկուցողների գնահատականին


Հայաստան -- «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նիստը, Երեւան, արխիվ

Հայաստան -- «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նիստը, Երեւան, արխիվ

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամներն արձագանքում են իրենց կողմից պատրաստված զեկույցի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի գնահատականներին։

Դեկտեմբերի 22-ին ԵԽԽՎ-ի կայքէջում տեղադրվել է Հայաստանի հարցով համազեկուցողների գնահատականը «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, որը անցած շաբաթ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում չքննարկվեց` համազեկուցողների բացակայության պատճառով:

Մասնավորապես, զեկույցում կասկածի տակ է դրվում արդեն իր գործունեությունը դադարեցրած «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի այն գնահատականը, թե ոստիկանության գործողությունները համապատասխանել են օրենքին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հանձնաժողովի նախկին անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ինքը ամեն դեպքում կսպասի մինչեւ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում Կոլոմբիեի ու Պրեսկոտի զեկույցը պաշտոնապես կներկայացվի, նոր հետո կներկայացնի իր կարծիքը, բայց ավելացրեց. - «Մենք նշել ենք, թե որ դեպքում են ոստիկանների գործողությունները համարել իրավաչափ, եւ որ դեպքում՝ ոչ համաչափ։ Իհարկե, դուք գիտեք, որ զեկույցը կոնսենսուսի արդյունք է։ Եթե թողնվեր միայն իմ հայեցողությանը, որոշ դրույթներ ես գուցե այլ կերպ շարադրեի»։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, Միացյալ աշխատավորական կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ասաց, որ իրենց հանձնաժողովի զեկույցում կա նշում, թե ոստիկանության գործողությունները որոշ դեպքերում չեն եղել իրավաչափ։

«Հանձնաժողովը լսել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, լսել է մասնակիցների տեղեկատվությունը իրադարձությունների վերաբերյալ, եւ իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս նշել է, որ ոստիկանության գործողությունների մեջ պակասել է արհեստավարժությունը», - հավելեց Միացյալ աշխատավորական կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը։

Հանձնաժողովում Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ ստորագրելով Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցի տակ` ՀՅԴ-ի ներկայացուցիչները` ինքը եւ Արտյուշա Շահբազյանը, կցել են հատուկ կարծիք, ըստ որի առանձին դեպքերում ոստիկանության գործողություները դուրս են եկել օրինաչափության, համաչափության սահմաններից: Սակայն, ըստ Մինասյանի իրենց այդ կարծիքը չներառվեց Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցում։

«Ինչ վերաբերում է մեր առարկությունները չընդունելուն՝ դա հանձնաժողովի քվեարկության իրավասությամբ էր», - նշեց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով, թե ինքը չի կարող հանձնաժողովի աշխատանքը բնութագրել թերի, քանի որ այն խնդիրները, որոնք դրված են եղել հանձնաժողովի առջեւ` մեծամասամբ լուծվել են:
XS
SM
MD
LG