Մատչելիության հղումներ

logo-print

Սկանդալ` կապված Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակի լոբբիստական գործունեության հետ


Դենիս Հասթերթ

Դենիս Հասթերթ

«Ամերիկացի հարկատուներն ամսական ավելի քան 40 հազար դոլար են ծախսում Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Դենիս Հասթերթի գրասենյակի ծախսերը հոգալու համար: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում նախկին բարձրաստիճան պաշտոնյային լոբբիստական աշխատանք ծավալել` Վաշինգտոնում ներկայացնելով մասնավոր ընկերությունների եւ օտարերկրյա կառավարությունների` այդ թվում Թուրքիայի շահերը», - գրում է ամերիկյան Politico պարբերականը:

Վաշինգտոնում լույս տեսնող այս հանդեսը, որի հրապարակումների հիմնական մասը նվիրված է ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքին, հիշեցնում է, որ ամերիկյան օրենքների համաձայն` պաշտոնաթողությունից հետո 5 տարի շարունակ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակները պետբյուջեից աշխատավարձ են ստանում` մոտ 6 հազար դոլար: Բացի այդ, պետական բյուջեն հոգում է նախկին պաշտոնյաների գրասենյակային բոլոր ծախսերը` օգնականների աշխատավարձերից մինչեւ համակարգչային տեխնիկայի ձեռք բերումը: «Սրան զուգահեռ` 2008-ին Հասթերթը պաշտոնապես գրանցվել է որպես լոբբիստ: Այժմ նա Վաշինգտոնում ներկայացնում է Թուրքիայի եւ Լյուքսեմբուրգի կառավարությունների, ինչպես նաեւ ամերիկյան երեք կորպորացիաների շահերը», - մանրամասնում է Politico-ն:

Այն, որ Հասթերթի լոբբիստական ջանքերի դիմաց վճարող պետությունների թվում է նաեւ Թուրքիան, պատահական չէ. Հասթերթը դեռ պաշտոնավարման տարիներին էր հայտնի պաշտոնական Անկարայի հետ բարեկամական կապերով: 2000 թվականին հենց Ներկայացուցիչների պալատի խոսնակի նախաձեռնությամբ էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 596 բանաձեւը վերջին պահին դուրս բերվեց օրակարգից:

Այսօր արդեն Հասթերթի լոբբիստական աշխատանքի մասին լուրերը լրջորեն անհանգստացրել են ամերիկյան քաղաքական շրջանակներին:

Միացյալ Նահանգների դաշնային ընտրական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Քենեթ Գրոսը լրագրողներին ասել է. - «Հասթերթը պետք է հստակորեն կարողանա տարանջատել պետական միջոցներն ու անձնական բիզնեսը»:

Վաշինգտոնից մեկ այլ փորձագետ` «Հարկատուները հանուն բանականության» կազմակերպության ղեկավար Սթիվ Էլիսն էլ նշել է. - «Օրենսդրական արգելք գոյություն ունի` դաշնային գումարները չեն կարող օգտագործվել լոբբիստական աշխատանքի համար: Մենք փակում ենք Հասթերթի անձնակազմի, մեքենայի ծախսերը եւ պետք է վստահ լինենք, որ այդ գումարներից նույնիսկ մեկ սենթ չի ծախսվել լոբբիստական աշխատանքի վրա»:

Հասթերթի նկատմամբ կասկածներն աճում են հատկապես 2005 թվականին ծագած սկանդալի պատճառով: Չորս տարի առաջ Ներկայացուցիչների պալատի խոսնակին մեղադրեցին թուրքական կառավարությունից գաղտնի գումարներ ստանալու մեջ: Այն ժամանակ մի շարք պարբերականներ պնդում էին, որ պաշտոնական Անկարան Հասթերթին վճարում էր ոչ միայն շահավետ որոշումների օգտին լոբբիստական աշխատանք ծավալելու, այլեւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների դիմաց:
XS
SM
MD
LG