Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ի համազեկուցողները «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը «միակողմանի» են գնահատում


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կայքէջում տեղադրվել է Հայաստանի հարցով համազեկուցողների գնահատականը «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, որը անցած շաբաթ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում չքննարկվեց` համազեկուցողների բացակայության պատճառով:

Անդրադառնալով Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքին` համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ընդգծում են, թե հանձնաժողովի առաջարկությունները ցույց են տալիս, որ այն ավելի խորքային վերլուծություն է կատարել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, քան դրանք արտացոլված են զեկույցում:

Այս հակասությունը, ինչպես նաեւ այն ոճը, որով հանձնաժողովը որոշ հարցեր ընդգծել է, իսկ որոշ հարցերի խուսափել է անդրադառնալ, ըստ համազեկուցողների, տպավորություն է ստեղծում, որ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը ամեն գնով խուսափել է դեմ գնալ մարտ 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածին կամ չի ցանկացել սուր քննադատության ենթարկել իշխանությունների կատարած քայլերը:

«Այս ինքնագրաքննությունը ցավալի է, քանի որ այն կասկածի տակ է դնում կատարված հետաքննության վստահելիությունը», - նշում են համազեկուցողները:

Համազեկուցողներ. Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը ամեն գնով խուսափել է դեմ գնալ մարտ 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածին կամ չի ցանկացել սուր քննադատության ենթարկել իշխանությունների կատարած քայլերը ...
Այս համատեքստում Կոլոմբիեն եւ Պրեսկոտը հիշեցնում են, որ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հրաժարվել է ստորագրել հանձնաժողովի զեկույցի եզրակացությունների տակ` նշելով, որ դրանք ընդամենը գրված են եղել ներքին սպառման համար:

Համազեկուցողները նշում են, որ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի ամենաակնհայտ երկու թերություններից մեկն այն է, որ զեկույցը բավականաչափ միակողմանի է, միակողմանի են ներկայացված նաեւ այն իրադարձությունները, որոնք հանգեցրին 2008 թվականի մարտի 1-ի ճգնաժամին: Այս հարցում հանձնաժողովը մեղքը բարդել է ընդդիմության վրա եւ հիմնականում խուսափել է որեւէ մեղադրանք ներկայացնել իշխանություններին:

Բացի այդ, ըստ համազեկուցողների, զեկույցում ընդհանրապես չեն քննարկվում եւ չեն վերլուծվում մարտի 1-2-ին հաջորդող իրադարձությունները, մասնավորապես` ընդդիմության մեծ թվով աջակիցների ձերբակալություններն ու քրեական հետապնդումները:

Անդրադառնալով մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների բացահայտման խնդրին` Ջոն Պրեսկոտն ու Ջորժ Կոլոմբիեն ընդգծում են, որ մինչ օրս որեւէ կոնկրետ արդյունք չկա: Հետեւաբար, ըստ համազեկուցողների, պետք է հայտնաբերվեն այն գնդակները, որոնցով սպանվել են մարտի 1–ին զոհված 10 անձանցից 5-ը, ինչպես նաեւ պետք է հայտնաբերվեն այն զենքերը, որոնցից սպանվել են այդ մարդիկ: Հատկապես հաշվի առնելով, որ կան վկայություններ այն մասին, որ այդ գնդակներից առնվազն 3-ը կարող էին արձակված լինել ոստիկանության կողմից:

Եթե այդ մտահոգություններին կոնկրետ պատասխաններ չտրվեն, ապա, վստահ են համազեկուցողները, դրանք կհանգեցնեն պնդումների, որ ոստիկանությունը փորձում է քողարկել տեղի ունեցածը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դաշնակցական անդամ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «օբյեկտիվ» որակեց Պրեսկոտի եւ Կոլոմբիեի գնահատականները: «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, օբյեկտիվ էր: Ինչ որ դրական կատարվել էր` դրականն էլ էր նշված, թերացումներն էլ, բացթողումներն էլ արձանագրված էին», - ասաց Ռուստամյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանի կարծիքով, սակայն, համազեկուցողների այս վերլուծությունը չի բավարարում Հայաստանի լայն հասարակությանը, քանի որ այն կոնկրետ քայլեր չի մատնանշում, թե ինչ պետք է արվի:

«Որովհետեւ ամեն անգամ կարելի է անդրադառնալ եւ ասել, որ այո, չեն բացահայտվել մարտի 1-ի դեպքերի մեղադրյալները, այո, տեղի են ունեցել այսպիսի իրադարձություններ, այո, տարօրինակ է, որ մինչ օրս այսպես է, բայց կոնկրետ քայլեր, թե ինչ պետք է արվի սրանից հետո եւ ինչպես պետք է արվի, որպեսզի այդ անձինք, ովքեր որ իրական մեղավորներն են, նստեն մեղադրյալի աթոռին, եւ ինչպիսի պահանջներ պետք է դրվեն` այս փաստաթղթի մեջ ներառված չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փոստանջյանը` կարծիք հայտնելով, որ «սա ոչ բավարար է, եւ սա ուղղակի իմիտացիոն բնույթի մի գործունեություն է»:
XS
SM
MD
LG