Մատչելիության հղումներ

Երկու ոստիկանների գործով դատական նիստը հետաձգվեց


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց նախորդ տարվա մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մի անհայտ քաղաքացու ծեծի ենթարկած երկու ոստիկանների՝ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի գործով դատական նիստը` փաստաբան Արշակ Թովմասյանի բացակայության պատճառով:

Հարությունյանը եւ Ղուկասյանը մեղադրվում են լիազորություններն անցնելով բռնությամբ զուգորդված գործողություններ կատարելու մեջ` Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ մասով:

Գործով դատաքննությունն ավարտված է:

Երեկվա դատական նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդեց երկու ոստիկաններին դատապարտել երեքական տարվա ազատազրկման եւ համաներում կիրառել նրանց նկատմամբ, վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրողը պահանջեց նաեւ առաջիկա մեկեւկես տարում երկու ոստիկաններին զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Դատարանը վճիռ կկայացնի պաշտպանական կողմի ճառից հետո: Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 25-ին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG