Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին մեկնարկած «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը կոչված է օգնել, որպեսզի համակարգիչը հասանելի դառնա բոլորին, որ գոնե ամեն տանը մեկ համակարգիչ լինի: Ծրագրի նախաձեռնողները վստահեցնում են, որ ամսական 10-20 հազար դրամ ապառիկ վաճառքով կարելի է ձեռք բերել ժամանակակից եւ որակյալ համակարգիչներ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Մաքլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը հիմա գնվում է փորձնական փուլում, եւ որ այն լիովին կսկսի աշխատել 2010 թվականի մարտից: Հիմա նախաձեռնողները հետեւում են ծրագրի ընթացքին եւ շտկումներ անում, որպեսզի առավելագույնս հասանելի դարձնեն համակարգիչները բոլորի համար, քանի որ ներկայիս տեմպերը բավարար չեն:

Ծրագրի ղեկավարը պատմեց, որ համակարգիչներ վաճառվել են սպասվածից ավելի շատ, ինչն էլ ցույց է տալիս, որ ծրագիրը սպասված էր: Նա ասաց, որ առաջիկայում ծրագրի շրջանակներում վաճառվող համակարգիչների թիվը կմեծանա: Բանակցություններ են ընթանում նաեւ ինտերնետ մատակարարող ընկերությունների հետ, որպեսզի առաջարկվող համակարգիչների հետ տրամադրվի նաեւ մատչելի ինտերնետ:

Երեւանում համակարգիչներ վաճառող ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Բալտրյանը ասաց, որ ծրագրի մեկնարկից հետո իրենց հաճախորդների թիվը աճել է: Հիմա իրենց խանութում կարելի է տեսնել տարբեր խավերի մարդկանց: «Նախատեսված էր մինչեւ 2010 թվականի հունվար վաճառել 500 համակարգիչ, մինչդեռ մենք արդեն վաճառել ենք 1300-ը»,- ասաց նա:

«Համակարգիչ բոլորի համար ծրագիրը չի ապահովում համակարգիչ բոլորին»,- կարծում է «Էլեկտրոնային բովանդակություն» ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Նա կարծում է, որ պետք է առաջարկվող համակարգիչների գները ավելի իջեցնել, քանի որ ներկա գները ոչ բոլորին են հասանելի: Նա առաջարկում է հետեւել Ուրուգվայի օրինակին, որտեղ 2 տարվա ընթացքում դպրոցականներին բաժանվեցին անվճար համակարգիչներ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը ասաց, որ ծրագրի հիմնական փուլում նախատեսվում է համակարգիչների գները կրկնակի իջեցնել: Հնարավոր է` նաեւ ավելանա ծրագրի մասնակից ընկերությունների թիվը:
XS
SM
MD
LG