Մատչելիության հղումներ

Նախագահի վերահսկողական ծառայությունը բարձրաձայնում է խախտումների մասին


Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց տարվա ընթացքում կատարված ստուգումների արդյունքները եւ հանդես եկավ տարբեր ոլորտների առնչվող մի շարք ուշագրավ բացահայտումներով։

Նախագահի վերահսկողական ծառայությունը, մասնավորապես, բացահայտել է, որ Երեւանի կենտրոնական ավտոկայանը պետության անունից գրավ է դրվել 630 հազար ԱՄՆ-ի դոլարի դիմաց, այնինչ, վերահսկողական ծառայության գնահատմամբ, այդ գույքն արժե ավելի քան 4 միլիոն դոլար։ Ավտոկայանը գրավ է դրվել ստացված գումարի դիմաց ավտոբուսներ ձեռք բերելու եւ շահագործելու նպատակով։

«Ձեռք են բերել ավտոբուսները, բայց հաշվարկված է այնպես, որ եթե անգամ այդ ավտոբուսները աշխատեն, կատարված ծախսերը չեն փակվում։ Այդ գույքը ի սկզբանե վտանգված է եղել», - նշեց Հովսեփյանը՝ հավելելով, թե «չի հիշում» որ բանկում է կատարվել պետական ավտոկայանի գրավադրումը։

Նախագահը հանձնարարական է տվել տրանսպորտի նախարարին՝ կարճ ժամկետում կենտրոնական ավտոկայանը գրավադրումից ազատելու վերաբերյալ։ Հովսեփյանի տեղեկություններով, գումարների կեսը արդեն իսկ մարված են, միջոցներ են ձեռնարկվում մնացյալ գումարը վճարելու եւ ավտոկայանը գրավից հանելու ուղղությամբ։

Կատարվածի արդյունքում աշխատանքից ազատվել է «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը։

Խախտումներից ու չարաշահումներից զերծ չէ նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը. 2006թ-ին փրկարար ծառայությանը հատկացված 105 տարածքներից ընդահմենը 70-ն է գրանցված եղել իրենց անունով, իսկ Սեւանի ափամերձ տարածքի տեղազննությունները պարզել են, որ կենտրոնական փրկարարական տարածքում հանգստյան տուն է գործում, իսկ ափամերձ մյուս հատկացված տարածքները ցանկապատված են:

Նախագահի վերահսկողական ծառայությունը խախտումներ է արձանագրել նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատանքում` հիմնականում կապված տեխնիկական զննությունը չանցած մեքենաների արձանագրված թվի եւ պետհամարանիշների անօրինական վաճառքի հետ, ինչի համար պատժվել է 17 տեսուչ։

Կրթության եւ գիտության նախարարությանն առնչվող ստուգումների արդյունքում պարզվել է, որ մի շարք պետական եւ ոչ պետական բուհերում ներբուհական եւ միջբուհական տեղափոխություններ են իրականացնում առաջին եւ ավարտական կուրսերում, ինչը հակասում է կառավարության որոշմանը: Վերջինիս համաձայն` տեղափոխվող գրեթե բոլոր ուսանողների մոտ պետք է լինի 8 առարկայից ոչ ավելի տարբերություն, ինչը չի պահպանվել գրեթե ոչ մի դեպքում: Բացի այդ, մի շաք դեպքերում չի եղել նախարարության թույլտվությունը:

Իսկ բարձրագույն որակավորման հանձնաժողովում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2005թ-ից բուհի կողմից գործածության մեջ է դրվել մի իրավական ակտ, որը օրենքի ուժ չունի, եւ որին զուգահեռ գոյություն ունի կառավարության համապատասխան որոշում: «Մի շարք անձանց նկատմամբ գործել է երկակի չափանիշների մեթոդը», - ասաց Հովհաննես Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է պետեկամուտների կոմիտեում իրականացված ստուգումներին, ապա, վերահսկողականի ղեկավարի պարզաբանմամբ` ՀԴՄ շահագործման կանոնները խախտելու համար պատժվող հաստատություններից պետեկամուտների կոմիտեի տեղադաշտից դուրս են մնացել խաղատներ, շուրջօրյա գործող դեղատներ, սննդի կետեր, բուժծառայություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG