Մատչելիության հղումներ

Կոլոմբիեն եւ Պրեսկոտը մարտի 1-2-ին իրավապահների գործողությունները իրավաչափ եւ համաչափ չեն համարում


Ջոն Պրեսկոտ (ձախից) եւ Ժորժ Կոլոմբիե

Ջոն Պրեսկոտ (ձախից) եւ Ժորժ Կոլոմբիե

Թեեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը զբաղվածության պատճառով չէին ներկայացել Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ի նիստին, սակայն նրանց պատրաստած զեկույցը գաղտնազերծվել է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ¸ դաշնակցական Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի փոխանցմամբ` մոտ 20-էջանոց զեկույցում համազեկուցողները մանրակրկիտ անդրադարձել են «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին: Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն տարակուսանքով են վերաբերվել Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի այն գնահատականին, թե 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները իրավաչափ եւ համաչափ են եղել` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը¸ որ ոստիկանների արձակած «Չերյոմուխա»-ից առնվազն երեք մարդ է սպանվել:

«Իրենք էլ են գտնում` իրավաչափ չէ, նրանք գտնում են, որ առնվազն զարմանալի է` այդ ամենը նշելուց հետո ասել, որ դա համաչափ է եւ իրավաչափ, մասնավորապես, օրինակ, «Չերյոմուխա - 7»-ի կիրառման հետ կապված խնդիրները եւ այլն: Սպանությունների մասին էլ ասվում է, որ լիարժեք չի պարզաբանվել, եւ այդ հարցը մնում է իսկապես թերի, ըստ էության` պարզ չեն սպանության հանգամանքները եւ մեղավորները», - նշեց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ինչ է պահանջվում համազեկուցողների զեկույցում Հայաստանի իշխանություններից, դաշնակցական պատգամավորը արձագանքեց. - «Այդ խնդիրը դեռ չի հետապնդվել, բայց վստահ եմ, որ իրենք նույնպես գտնում են, որ լրացուցիչ քննարկումների եւ քննության հարց կա»:

Ըստ Արմեն Ռուստամյանի` համազեկուցողները նաեւ նշել են, որ մարտի 1-2-ին հաջորդած իրադարձություններին եւ, մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններին Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի անդրադարձը թերի է, եւ կարելի էր ավելի խորքային քննարկում կազմակերպել ձերբակալությունների խնդրի հետ կապված:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար¸ հանրապետական Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք կիսո՞ւմ է համազեկուցողների այն դիտարկումը¸ որ ոստիկանության գործողությունները մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ իրավաչափ չեն եղել, պատասխանեց. - «Ողջամտության տեսանկյունից` ինձ թվում է` իրավաչափ չի եղել, իրավական տեսանկյունից` մեղադրանք ներկայացնելու այդ առումով, ցավոք սրտի, հիմքեր չկան»:
XS
SM
MD
LG