Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Դավթյանը Մոսկվայում կմասնակցի ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին


Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել եւ հաստատել հիմնադրամի 2010 թվականի գործունեությանը առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես նախատեսվում է հաստատել հիմնադրամի փորձագիտական խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը:

Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 9-ին Մոսկվայում` անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մինչեւ 10 միլիարդ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կկազմի 7,5 միլիարդ դոլար, Ղազախստանինը` 1 միլիարդ դոլար , Բելառուսինը` 10 միլիոն դոլար, իսկ մյուս երկրների, այդ թվում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1-ական միլիոն դոլար:

Հայաստանը արդեն իսկ դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսը` համաձայն հիմնադրամի ստեղծման պայմանագրի, փոխանցվելու է մուրհակի տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG