Մատչելիության հղումներ

logo-print

Վերլուծաբանը դժվարանում է կանխատեսել` արդյո՞ք 2010-ը արդյունավետ տարի կլինի հայ - թուրքական գործընթացի առումով


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Բուրսայում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 14-ը հոկտեմբերի, 2009

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Բուրսայում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 14-ը հոկտեմբերի, 2009

Թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Արտակ Շաքարյանը անցնող 2009 թվականը գնահատում է իբրեւ Հայաստան - Թուրքիա մերձեցմանը միտված քաղաքական ակտիվ նախաձեռնությունների տարի: Այդուհանդերձ, ըստ նրա, կապված երկու երկրներում ներքաղաքական իրադարձությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների հետ` շատ դժվար է կանխատեսել, թե 2010 թվականը այդ առումով արդյունավետ կլինի:

«Շատ բուռն ժամանակաշրջան էր, եւ սա ցույց տվեց, որ, ամեն դեպքում, երկու հասարակությունները իրար այդքան էլ լավ չեն ճանաչում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Հարցին, թե իր կանխատեսմամբ` 2010-ին դեպքերը ինչպե՞ս կզարգանան, կվավերացվե՞ն, ի վերջո, հայ - թուրքական արձանագրությունները, Արտակ Շաքարյանը արձագանքեց. - «Թեեւ Ղարաբաղը չկա արձանագրությունների մեջ, ամեն դեպքում, Անկարան կապում է Ղարաբաղը գործընթացի հետ, իսկ հայկական կողմը գիտակցում է, որ եթե Ղարաբաղյան գործընթացը կապվի հայ - թուրքական արձանագրությունների հետ, ապա ներքաղաքական առումով Հայաստանի Հանրապետությունում շատ բարդ, ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվել»:

Ուստի հայկական կողմը, ըստ վերլուծաբանի, «փորձում է «ողջամիտ ժամկետներ» արտահայտությունը մի քիչ ավելի բերել հստակ ժամկետների եւ հայտարարում է, որ մինչեւ ապրիլի 24-ը հենց այն ժամկետն է, որում Անկարան պետք է վավերացնի, եւ լավագույն ժամկետը դրա համար հունվար-փետրվար ամիսներն են»:

Շաքարյանի կանխատեսմամբ` «նախ Թուրքիան սպասելու է հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը, մինչեւ հունվարի 15-ը հաստատ Թուրքիան որեւէ քայլ չի անի, նույնիսկ քննարկումներ, կարծում եմ, չեն ծավալվի»:

Մյուս կողմից, ըստ վերլուծաբանի, «եթե Թուրքիան մինչեւ 2010 թվականի ապրիլի 24-ը չվավերացնի, այսինքն` կարողանա ապրիլի 24-ը շրջանցել առանց որեւէ հստակ վնասի, 2011-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են. հայ - թուրքական հարաբերությունների մասին խոսել նախընտրական ժամանակաշրջանում` քաղաքական ինքնասպանության նման մի բան կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG