Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին ծննդյան 42-ամյակը նշում է տխուր հանգամանքներում


Քութայիսիի հուշահամալիրը, որի պայթացման ժամանակ եղան զոհեր
Քութայիսիի հուշահամալիրը, որի պայթացման ժամանակ եղան զոհեր
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի օրը ծննդյան 42-ամյակը նշում է տխուր հանգամանքներում: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութայիսիում անցած շաբաթավերջին ողբերգություն տեղի ունեցավ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի ապամոնտաժման ընթացքում իրականացված պայթյունի հետեւանքով զոհվեցին մի կին եւ նրա 8-ամյա դուստրը։

Ընդդիմությունը պնդում է, որ նախագահը դրա համար առնվազն բարոյական պատասխանատվություն է կրում։

Պայթեցումը սկզբնապես նախատեսված էր դեկտեմբերի 21-ին։ Սահակաշվիլին անձամբ լինելու էր Քութայիսիում, որտեղ պայթյունից հետո նախատեսված էր խորհրդարանի նոր շենքի հիմնարկեքը. իշխանությունները ժամանակին հայտնել էին, թե մտադիր են օրենսդիր մարմինը Թբիլիսիից տեղափոխել Քութայիսի, եւ նոր շենքն էլ ցանկանում են կառուցել հենց հուշահամալիրի տեղում։

Ռուսաստանը բարբարոսություն էր անվանել համալիրի ոչնչացման ծրագիրը։

Վրաց ընդդիմությունը, իր հերթին, նախազգուշացրել էր, որ բողոքի ակցիաներ է անցկացնելու։ Հավանաբար այդ հանգամանքից ելնելով էլ Վրաստանի իշխանությունները որոշել էին համալիրը պայթեցնել նախատեսվածից շուտ` դեկտեմբերի 19-ին։ Եվ, ամենայն հավանականությամբ` շտապելուց, մասնագետներն ինչ-որ բան սխալ էին հաշվարկել, արդյունքում` երկու մարդ է զոհվել։

Վրդովված ընդդիմադիրներն այժմ շեշտում են, որ պայթյունը, որը պետք է լիներ Սահակաշվիլիի ծննդյան օրվա առիթով արձակված յուրօրինակ համազարկ, իրականում ողբերգութուն դարձավ։

Ստանալով ողբերգական պատահարի մասին լուրը` Սահակաշվիլին Կոպենհագենից, որտեղ մասնակցում էր կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովին, անմիջապես վերադարձել է Վրաստան։

Կիրակի օրը նա մեկնել է Բաթումի, որտեղ մասնակցել է հյուրանոցի բացման, իսկ երկուշաբթի նախատեսված է այցը Քութայիսի։

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դավիդ Սակվարելիձեն հայտնել է, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ձերբակալված է պայթեցման աշխատանքն իրականացրած ընկերության ղեկավար Ավթանդիլ Դարսավելիձեն։ Իրավապահները վստահեցնում են, որ բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն։

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քութայիսիում տեղի ունեցածի պատճառով նախագահ Սահակաշվիլին պաշտոնանկ է արել Իմերեթիի նահանգապետ Միխեիլ Չոգովաձեին:

Վրաստանի ընդդիմությունը, այդուհանդերձ, պատրաստվում է երկուշաբթի օրը անցկացնել բողոքի լայնածավալ ակցիան Քութայիսիում, որի մասնակիցները ցավակցություն են հայտնելու զոհվածների հարազատերին եւ դատապարտելու են հուշահամալիրը ոչնչացնելու` երկրի ղեկավարության որոշումը։

Բողոքի ցույցը կազմակերպում է նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի առաջնորդած «Հանուն արդար Վրաստանի» դաշինքը։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ակցիային մասնակցում են ընդդիմադիր բոլոր հայտնի ուժերը` խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցությունը, «Հանուն Վրաստանի» դաշինքի համանախագահներ` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան եւ նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին, «Վրաստանի ուղի» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր այլ առաջնորդներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG