Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Զուրաբյան. «Եվրախորհրդի անտարբերության պատճառը հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հարցն են»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խիստ քննադատության ենթարկեց Եվրախորհրդին՝ միջազգային հեղինակավոր այդ կառույցին մեղադրելով Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ դրսեւորած «առավել անտարբեր» վերաբերմունքի մեջ։

Նախորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում նախատեսված Հայաստանի հարցով քննարկումը չէր կայացել համազեկուցողների բացակայության պատճառով: Նիստին քննարկվելու էր Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով, Եվրախորհրդի անտարբերության մասին վկայում է ոչ միայն համազեկուցողների՝ նիստին չներկայանալու փաստը, այլեւ այն, որ Հայաստանի հարցով քննարկումներ, ըստ էության, տեղի չեն ունենում, չեն կայանում համազեկուցողների եւ Եվրոպայի խորհրդի այլ պաշտոնատար անձանց պլանավորված այցերը Հայաստան։

«Ասեմ, որ որոշ դիվանագետներ մեզ ուղիղ դրա մասին ասել են, որ քանի որ բուռն գործընթացներ են գնում թուրք-հայկական հաշտեցման հետ կապված, ղարաբաղյան կարգավորման հետ կապված, Հայաստանի ղեկավարության ուշադրությունը այլ հարցերով շեղելը այնքան էլ արդյունավետ չի լինի, եւ դա հենց բացահայտում այդ կապը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք», - նշեց Լեւոն Զուրաբյանը։

Hանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, համազեկուցողների բացակայության մեջ որեւէ միտում չի տեսնում:

«Պետք չէ ամեն ինչի մեջ միտում տեսնել: Թեկուզ եթե քննարկվեր հարցը, ես համոզված եմ, որ խնդիրը դժվար մտներ լիագումար նիստի օրակարգ կամ որեւէ սանկցիաներ կիրառվեին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շարմազանովը: - «Ինչքանով ես տեղյակ եմ, պարոնայք Կոլոմբիեն եւ Պրեսկոտը` իրենց պառլամենտներում զեկուցելու խնդիրներ կան, կան հարցեր, եւ եթե դա չի հակասում համապատասխան օրենսդրությանը, պետք չէ դրանից մեծ սենսացիա անել, ինչը որ փորձում են անել մեր որոշ քաղաքական գործիչներ»:
XS
SM
MD
LG