Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը հերքում է Թուրքիայում աշխատող տասնյակ հազարավոր հայաստանցիների մասին պնդումները


Թուրքիա -- Թաքսիմի հրապարակը Ստամբուլում

Թուրքիա -- Թաքսիմի հրապարակը Ստամբուլում

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանը համաձայն չէ այն տվյալներին, ըստ որոնց` Թուրքիայում այժմ անօրինական կերպով ապրում եւ աշխատում են տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ:

Ուրբաթ օրը կայացած ասուլիսում Գագիկ Եգանյանի հրապարակած տվյալներով` վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանից ընդհանուր առմամբ 293 հազար անձ է մուտք գործել Թուրքիա, վերադարձել են Հայաստան 288 հազարը, այսինքն` այս տարիների ընթացքում Թուրքիայից Հայաստան չի վերադարձել շուրջ 5 հազար 200 հոգի:

«Թուրքական քաղաքական ղեկավարությունը երբեմն հնչեցնում է 50 հազար, անգամ` 70 հազար Հայաստանի քաղաքացիների մասին, ովքեր աշխատում են այնտեղ, մեծամասամբ` անլեգալ կարգով: Եթե այդ ծավալի աշխատողներ լինեին, ապա բացասական մնացորդը պետք է այդ կարգի լիներ: Մենք կարող ենք այստեղ խոսել ընդամենը 5 հազար 200-ի շրջանակներում աշխատող միգրանտների մասին, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ աշխատում են Թուրքիայի Հանրապետությունում», - ասաց Միգրացիոն գործակալության տնօրենը:

Միաժամանակ, վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանից Թուրքիա ուղեւորափոխադրումները, ըստ Գագիկ Եգանյանի, շեշտակիորեն աճել են՝ շուրջ 4 անգամ: 2009 թվականի համար դեռ տվյալները ամփոփված չեն, անցած տարի մեկնողների եւ վերադարձողների թիվը գրեթե հավասար է եղել` յուրաքանչյուր ուղությամբ մոտ 64 հազար հոգի: Եգանյանի տվյալներով՝ ցուցանիշը տարեկան շուրջ 20 տոկոսով անշեղորեն աճում է:

Եթե 2008 թվականին տնտեսական ճգնաժամը կրճատել է ուղեւորահոսքերի աճի տեմպերը շուրջ 30 տոկոսով, Թուրքիա ուղեւորությունների վրա, Միգրացիոն գործակալության տնօրենի հավաստմամբ, ճգնաժամը չի անդրադարձել. - «Մենք 2007 թվականին ամբողջ Հայաստանի համար ունեինք 33 տոկոս աճ, 2008 թվականին իջավ 8 տոկոսի, բայց Թուրքիան, թուրքական ուղղությունը շարունակեց 2008 թվականին էլի աճի տեմպերով. 20 տոկոսի սահմաններում` այդպիսի աճ արձանագրվեց»:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կհանգեցնի որոշակի աշխուժության, ասում է Եգանյանը, ով, սակայն, համաձայն չէ այն կարծիքին, թե սահմանի բացման դեպքում ներհոսքը Թուրքիայից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ շեշտակիորեն կաճի:
XS
SM
MD
LG