Մատչելիության հղումներ

logo-print

Մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունեցածը մեկնաբանում են ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «զարմանալի» համարեց Հայաստանի հարցով համազեկուցողների բացակայությունը ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի հինգշաբթի օրվա նիստին, իսկ փաստը` «ինքնին խոսուն»:

Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի բացակայության պատճառով Մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում չկայացավ նախապես ծրագրված` Հայաստանի Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկումը:

«Դա նաեւ մեզ ասում է, թե առաջնահերթությունների շարքում մեր խնդիրը ինչ տեղ է զբաղեցնում, եւ դա չի կարող մտահոգիչ չլինել, եթե նույնիսկ այդ հիմնավորումները ճշմարտությանը համապատասխանում են», - ընդգծեց Գրիգորյանը` հավելելով. - «Չի կարելի, որ արդեն երկրորդ անգամ է` Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցը չի քննարկվում, չնայած Հայաստանը մոնիտորինգի տակ գտնվող երկիր է` բազմաթիվ չլուծված պրոբլեմներով, որը իրենք ընդունում են»:

«Սա անընդունելի է, իմ կարծիքով, եւ սրա մասին մենք պետք է տեղյակ պահենք պարոնայք Պրեսկոտին եւ Կոլոմբիեին», - ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Արման Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանը այս իրավիճակում տուժում է. - «Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում գոնե երբեմն երբ ինչ-որ առաջընթաց է լինում, ասենք` քաղբանտարկյալներին ազատելու տեսքով, փաստահավաք խմբի ստեղծման տեսքով, որոշ օրենքների փոփոխությունների տեսքով` եղել են նման առաջընթաց քայլեր, թեկուզ` փոքրիկ, թեկուզ` անբավարար, բայց եղել են, ցավոք սրտի, նման առաջընթացը տեղի է ունենում միայն ԵԽԽՎ-ի համապատասխան ճնշման պայմաններում, եւ եթե այդ ճնշումը չկա, բնական է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները որեւէ նույնանման քայլ չեն անելու, եւ այդ մասին ԵԽԽՎ-ն շատ լավ գիտի»:

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, համազեկուցողների բացակայության մեջ որեւէ միտում չի տեսնում:

«Պետք չէ ամեն ինչի մեջ միտում տեսնել: Թեկուզ եթե քննարկվեր հարցը, ես համոզված եմ, որ խնդիրը դժվար մտներ լիագումար նիստի օրակարգ կամ որեւէ սանկցիաներ կիրառվեին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շարմազանովը: - «Ինչքանով ես տեղյակ եմ, պարոնայք Կոլոմբիեն եւ Պրեսկոտը` իրենց պառլամենտներում զեկուցելու խնդիրներ կան, կան հարցեր, եւ եթե դա չի հակասում համապատասխան օրենսդրությանը, պետք չէ դրանից մեծ սենսացիա անել, ինչը որ փորձում են անել մեր որոշ քաղաքական գործիչներ»:

«Եվ ի վերջո, մենք մի բան պետք է գիտակցենք, որ անվերջ խոսելով «Մարտի 1»-ի մասին, անվերջ շահարկելով «Մարտի 1»-ը` մենք դրանով լավ բանի կարող է չհասնենք: Մենք մի բան պետք է գիտակցենք ընդամենը` որ մենք պետք է «Մարտի 1»-ից դասեր քաղենք, իսկ «Մարտի 1»-ի էջը փակված է», - ամփոփեց իշխող կուսակցության խոսնակը:
XS
SM
MD
LG