Մատչելիության հղումներ

Այս տարի աշխարհում սպանվել է 68 լրագրող


Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

2009 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 68 լրագրող է սպանվել մասնագիտական գործունեությանը առնչվող հանգամանքներում, փաստում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի տարեվերջյան զեկույցը: Սա կոմիտեի կողմից մինչ այժմ արձանագրված ամենաբարձր տարեկան ցուցանիշն է:

Այս աննախադեպ ցուցանիշը գրանցվեց Ֆիլիպինների հարավում նոյեմբերի 23-ին ընտրարշավի շրջանում լրատվամիջոցների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչների զանգվածային սպանության դեպքով:

11 լրագրող զոհվել է ռազմական գործողությունների կենտրոնում գտնվելիս, 7-ը՝ վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս, ինչպիսին են ոստիկանական հարձակումները կամ բողոքի ցույցերը, սակայն դեպքերի երեք քառորդը հաշվեհարդար է լրագրողների հետ` նրանց կատարած աշխատանքի համար:

«Միջին հաշվարկներով՝ ամեն ամիս սպանվում է 3 լրագրող, նրանց ճնշող մեծամասնությունը տեղի լրագրողներ են, որոնք լուսաբանում են տեղական իրադարձություններ: Սպանված լրագրողների ճնշող մեծամասնությունը` առնվազն 70 տոկոսը մարդասպանների թիրախ են դառնում իրենց հնչեցրած քննադատության համար»,- ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի փորձագետ Մարիա Սալազար-Ֆերոն:

Լրագրողներից 4-ը սպանվել են Իրաքում, 9-ը՝ Սոմալիում, 4-ը՝ Պակիստանում, 3-ը՝ Ռուսաստանում, 2-ական՝ Մեքսիկայում եւ Շրի Լանկայում: 2 լրագրող է զոհվել մասնագիտական գործունեության համար անազատության մեջ գտնվելիս անուշադրության մատնվելու հետեւանքով, նրանցից մեկը՝ Ադրբեջանում, մյուսը՝ Իրանում:

Առնվազն 2 լրագրող անհետ կորել է անցնող տարվա ընթացքում, մեկը՝ Մեքսիկայում, մյուսը` Եմենում:

«Աշխարհի այնպիսի երկրների շարքը, ինչպիսին են Սոմալին, Շրի Լանկան, համալրում են ժողովրդավարական կառավարման համակարգով այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Մեքսիկան, Կոլումբիան եւ Ֆիլիպինները», - տարակուսում է Մարիա Սալազար-Ֆերոն:

Կոմիտեն նաեւ արձանագրում է, որ սպանված լրագրողների կեսից ավելին՝ 56 տոկոսը տպագիր մամուլի ներկայացուցիչներ են:

Ամենալուրջ խնդիրը, ըստ զեկույցի հեղինակների, այն է, որ մարդասպանները մնում են անպատիժ:

«Լրագրողներին սպանողների մեծ մասը արդարադատության առջեւ չեն կանգնում, պատասխանատվության չեն ենթարկվում, կառավարությունը խղճուկ հետաքննություն է անցկացնում, քանի որ կամ նրանք ներգրավված են այդ սպանության մեջ, կամ նրանց համար առաջնային չէ լրագրողների սպանության գործերի բացահայտումը: Լրագրողների պաշտպանության կոմիտեի «անպատժելիության ինդեքսի» համաձայն՝ կան երկրներ, որտեղ անպատժելիությունը առավել տարածված է, բայց անպատժելիություն է` ամենուր», - ընդգծում է Մարիա Սալազար-Ֆերոն:

Նրա խոսքով` երբ լրագրողը սպանվում է, եւ մարդասպանները չեն բացահայտվում, այլ մնում են անպատիժ, սա դառնում է հաղորդագրություն մյուս լրագրողների համար, եւ հանցագործների անպատժելիությունը իր հետ բերում է գրաքննություն: «Գրաքննությունը վտանգում է ազատ մամուլը, իսկ առանց ազատ մամուլի չի կարող լինել ժողովրդավարություն», - շեշտում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի փորձագետը:

Փաստորեն, 2009 թվականի ցուցանիշը ավելի քան 60 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, երբ գրանցվել էր լրագրողների սպանության 42 դեպք:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 1992 թվականից մինչ օրս աշխարհում սպանվել է 795 լրագրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG