Մատչելիության հղումներ

logo-print

Դեկտեմբերի 18-ի մամուլ


«Պրեսկոտն ու Կոլոմբիեն «թռել էին» վերնագրի ներքո «Առավոտ»-ը ներկայացնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությունները երեկ Մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունեցածի վերաբերյալ: «Պրեսկոտը Կոպենհագենում ներկայացնում է Վեհաժողովը, նա կլիմայի փոփոխության հետ կապված զեկույց է ներկայացնում, եւ դա Բյուրոյի որոշումն է: Իսկ Կոլոմբիեն քաղաքական միջոցառում ունի այն համայնքում, որտեղից ինքն ընտրվել է: Այդ համայնքը բավական հեռու է գտնվում Փարիզից, մոտ հազար կիլոմետր», - թերթին ասել է Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե, փաստորեն, «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցն ընդհանրապե՞ս չի քննարկվի ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում, Հարությունյանը պատասխանել է, որ հարցը դեռ կքննարկվի, եւ քննարկումը կլինի արդեն հունվարին:

Հնչակյան կուսակցության պառակտման առիթով «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. «Վերիջին 18 տարիների ընթացքում այս պատմությունը զանազան «վարիացիաներով» կրկնվում է առնվազն 10 անգամ, եւ հնչակների վերջին պառակտումը ոչ մեկին այլեւս չի զարմացնում: Երբ «լյուդմիլայական» եւ «շիրխանյանական» հնչակները պահանջում են, որ, մասնավորապես, լրատվամիջոցները ընդունեն նրանցից որեւէ մեկի կողմը եւ դատավոր դառնան այդ մանր ու «ճղճիմ» հաշիվներում, այդ սպասելիքները, մեղմ ասած, արդարացի չեն: Այդ «հաշիվների» մասին գուցեեւ չարժեր էլ գրել: Կարեւորը այստեղ «քաղաքական պայքար» ասվածի հայաստանյան առանձնահատկությունների արձանագրումն է:

«Հայք»-ը «Ընդդիմությունն աղմկում է, իսկ Եվրոպան շարունակում է լռել» խորագրի ներքո մեկնաբանում է. - «Այս [«Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցի] հարցը ԵԽԽՎ-ի կողմից տեւական ժամանակ սառեցված էր, բայց երբ Սերժ Սարգսյանը հայ - թուրքական դիվանագիտական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հարցում սկսեց կոշտացնել իր դիրքորոշումը, ԵԽԽՎ-ն կրկին բարձրացրեց մարտիմեկյան ոճրագործության հարցը: Ամենայն հավանականությամբ, տեղեկանալով ԵԽԽՎ-ի մտադրության մասին, Սերժ Սարգսյանը շտապ ճաշի է հրավիրել դեսպաններին եւ խոստացել, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես խոստացել է: Հավանաբար նրա խոստումներին հավատացել են: Դրա վառ վկայությունն այն է, որ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում երեկ հետաձգվեց Հայաստանի հարցի քննարկումը»:

«Երեկ հայտնի դարձավ, որ իշխանական կոալիցիա կազմող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը որոշել են մամուլի դեմ նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում», - գրում է «Հայկական ժամանակ»-ը «Ընդդեմ մամուլի» վերնագրի ներքո` մանրամասնելով. - «Կոալիցիան առաջարկում է Քաղաքացիական օրենսգրքում նոր դրույթներ ավելացնել, որոնք հետագայում հնարավորություններ կտան` լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ միլիոնավոր դրամների հայցադիմումներ ներկայացնել, այսինքն, ըստ էության, սնանկացնել վերջիններիս»:

Հայ-թուրքական արձանագրությունների մասին զրույցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրնեյանցը «Իրավունք դե Ֆակտո» թերթին ասում է. «Կարծում եմ` արձանագրությունների խորհրդարանական վավերացումից առաջ կողմերից յուրաքանչյուրը փորձում է գործընթացից առավելագույնը քաղել: Թուրքիան շատ ակտիվորեն խաղարկում է Ղարաբաղի խնդիրը, Հայաստանն ակնարկում է, որ կարող է դուրս գալ գործընթացից` պատասխանատվությունը բարդելով թուրքական կողմի վրա: Դիվանագիտական այս փոքր «պատերազմը» աշխարհում ընդունված ձեւ է, եւ ես գրեթե վստահ եմ, որ, ի վերջո, նաեւ միջազգային խաղացողների ազդեցությամբ պայմանավորված, թե’ Հայասատանը, թե’ Թուրքիան կվավերացնեն արձանագրությունները: Ավելին, կարծում են, որ միջազգային հանրության համար շատ ավելի նպաստավոր կլինի այն երկրի դիրքը, որն առաջինը կկատարի Ցյուրիխում ստանձնած երկկողմ, նաեւ միջազգային պարտավորությունները»:

Հայաստանի աճող արտաքին պարտքի առնչությամբ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում հետեւյալ նկատառումն է հայտնում. - «Հայաստանի արտաքին պարտքը այս ընթացքում գրեթե կրկնապատկվել է, եւ այդ պարտքը պետք է վերադարձվի: Իսկ պարտքերը վերադարձնելու մի ձեւ կա` տնտեսության աշխուժացումը, այնպես որ հաջորդ տարի ուզենք թե չուզենք, այնպիսի քայլեր, միջոցառումներ պետք է ձեռնարկենք, որ տնտեսությունը սկսի շնչել, վերելք ապրել եւ բարձրանալ: Այստեղ է, որ ճշգրիտ գնահատականների, կանխատեսումների, մաթեմատիկական հենքի վրա արված լուրջ վերլուծությունների կարիք ունենք. չի կարելի ընդհանուր կոնտեքստից կտրված ինչ-որ միջոցառումներ նախանշել եւ ասել` այսինչ բանը եթե անենք, այս դրական արդյունքը կստանանք: Սա վաղուց իր դարն ապրած մոտեցում է»: Հանրապետական պատգամավորն, այնումանենայնիվ, նկատում է. - «Իհարկե եթե մի քիչ ավելի խելացի գտնվեինք` ժամանակին ճիշտ կանխատեսնումներ անեինք, թե հատկապես որ ոլորտներն են ճգնաժամի պատճառով հայտնվելու առավել խոցելի վիճակում, եւ համապատասխան կանխարգելիչ ծրագրեր իրականացնեինք, անկումը թերեւս ավելի մեղմ կլիներ»: Վարչապետի եւ որոշ նախարարների` Հանրապետական կուսակցության անդամ դառնալու առնչությամբ Արտակ Դավթյանը նկատում է. - «Չեի ասի, թե վարչապետի եւ նախարարների ՀՀԿ-ին անդամագրվելը կուսակցությունը ուժեղացնելու նպատակ էր հետապնդում: 2008-ին, երբ ձեւավորվում էր կառավարությունը, ես մեջբերեցի Գարեգին Նժդեհի խոսքերը, որ պետք է առավելագույնս զերծ մնալ կուսակցամոլությունից: Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ազգային, պետական շահերին, բոլորս պետք է այդ խնդիրների շուրջ համախմբվենք, անկախ կուսակցական պատկանելությունից: ՀՀԿ-ն այդ սկզբունքից ելնելով էլ վարչապետի եւ առանցքային մի քանի նախարարների պաշտոնները վստահեց ոչ կուսակցականների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG