Մատչելիության հղումներ

Հայաստանը վարկեր է ակնկալում ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից


Հայաստան -- Կառավարության նիստը Արմավիրի մարզում, 17-ը դեկտեմբերի, 2009թ.
Հայաստան -- Կառավարության նիստը Արմավիրի մարզում, 17-ը դեկտեմբերի, 2009թ.

Հայաստանի կառավարությունը ծրագրում է ավելացնել երկրի արտաքին պարտքը` Եվրասիական տնտեսական ընկերակցության` ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից ակնկալվող գումարների հաշվին։

Հայաստանը օրերս միացել էր այս հիմնադրամին, եւ այսօր կառավարությունը որոշեց անհապաղ կատարել առաջին անդամավճարը` վարկ ստանալու գործընթացը հնարավորինս արագացնելու նպատակով։

«Ֆորմալ պահանջն այն է, որ մասնակից բոլոր երկրներն իրենց առաջին հատկացումները պետք է իրականացնեն, որից հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել ֆինանսների նախարարների հավաքը։ Նրանք էլ պետք է այդ միջոցները ծախսելու ռազմավարություն որոշեն։ Մենք արդեն ներկայացրել ենք վարկային փաթեթ, թե ինչ ծավալի եւ ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը», - Արմավիրի մարզում անցկացված կառավարության արտագնա նիստում հինգշաբթի հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը ձեւավորվել է ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների ներդրումների հաշվին, ընդհանուր 9 միլիարդ դոլար գումարից 7 ու կեսը տրամադրել է Ռուսաստանը, եւս մեկ միլիարդ դոլար հատկացրել է Ղազախստանը։

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի պարզաբանմամբ, Հայաստանի ներդրումը շատ ավելի համեստ է` 1 միլիոն դոլար։ Ընդ որում՝ գումարի 90 տոկոսը ներդրվելու է մուրհակով, եւ ընդամենը 10 տոկոսը` 100 հազար դոլարը փոխանցվելու է կանխիկ։

Անցած շաբաթ մասնակցելով Սանկտ Պետերբուրգում ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին՝ Հայաստանի կառավարական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որոշել էր անդամակցել այս կառույցի երկու մարմինների` Հակաճգնաժամային հիմնադրամի եւ Ինովացիոն հիմնադրամի ձեւավորման աշխատանքներին՝ մուծելով համապատասխան անդամավճար եւ ակնկալելով համապատասխան վարկային օգնությունը մի շարք ոլորտներում։

«Դրանք շուրջ 500 մլն դոլարի հասնող ենթակառուցվածքային վարկային ծրագրեր են, որ ընդգրկում են էներգետիկայի, քիմիայի եւ այնպիսի այլ ոլորտներ, որոնք պարունակում են համագործակցության եւ ինտեգրացիայի միտումներ», - այդ կապակցությամբ հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։

Նա միաժամանակ շեշտել էր, որ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով, քանի որ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ ուղղակի սահման չունի։

2009 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի 3 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ տարվա ավարտին՝ 3,5 միլիարդի՝ կազմելով Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 50 տոկոսը։

ԵվրԱզԷՍ-ից եւս 500 միլիոն դոլար վարկ ստանալու դեպքում այդ ցուցանիշը կգերազանցի ՀՆԱ-ի 57 տոկոսը, ինչը նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների գնահատականով, արդեն իսկ մեծ բեռ կդառնա Հայաստանի բյուջեի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG