Մատչելիության հղումներ

logo-print

Մասնավոր հեռուստաընկերությունները խուսափում են հեռարձակել Փաշինյանի գովազդային ֆիլմը


Մասնավոր հեռուստաընկերությունները խուսափում են նույնիսկ վճարովի հիմունքներով հեռարձակել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասին պատմող գովազդային ֆիլմը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փաշինյանի վստահված անձ Արամազդ Ղալամքարյանը:

«Որեւէ հիմնավորում չեն նշում, միայն ասում են, որ այդ ֆորմատով [հեռարձակել] չեն կարող», - ավելացրեց նա:

Ղալամքարյանը նշեց, որ կես ժամ տեւողությամբ ֆիլմը հակաիշխանական քարոզչություն կամ կոչեր չի պարունակում, այլ պատմում է Փաշինյանի անցած ճանապարհի մասին, բայց հեռուստաընկերությունները զգուշանում են, քանի որ, ըստ նրա, քաղաքական ենթատեքստ են տեսնում:

«2007-ից մինչեւ այսօր հեռուստատեսությունը, մեծ հաշվով, փակ է եղել մեր առջեւ», - նշեց Փաշինյանի վստահված անձը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 20-ից ընթանում է Փաշինյանի նկատմամբ դատարավարությունը՝ 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքներով:

Հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարելու են Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Մյուս թեկնածուներից՝ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ հավատարիմ է մնում դեկտեմբերի 28-ին թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի հանելու իր խոստմանը: Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր նախընտրական շտաբը արդեն իսկ խախտումներ է արձանագրել: Նրա կարծիքով իշխանություններն այժմ կենտրոնացնում են իրենց վարչական ռեսուրսները ընտրություններում Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանին սատարելու համար։

«Արդեն այսօր բացվել են Հանրապետականի տասնյակ շտաբեր, ոտքի են կանգնեցվել բոլոր համատիրությունները, բոլոր հայտնի բանդաները, տարածքում գործող գողական, կրիմինալ բանդաները առաջին նախապատրաստության վիճակի են բերվել, որպեսզի զանգվածային կեղծիքների միջոցով ապահովեն ընտրությունների արդյունքը», - հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը։

Օրեր առաջ Արա Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցներից մեկում հաստատել էր, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն իր բարեկամն է: Այսօր, սակայն, պատգամավորության թեկնածուն առաջարկեց ընտանեկան թեմաները թողնել ընտանիքում եւ խոսել քաղաքականության մասին։

«Այնքան ազգակիցներ, այնքան ընկերներ ունեմ, որ պատկերացնելը դժվար է։ Հիմա դուք կենտրոնացել եք մի անձի շուրջ։ Ինչի՞ համար, ես չեմ հասկանում», - դժգոհեց Արա Սիմոնյանը՝ հայտարարելով, որ բացառում է իր օգտին ընտրակեղծիքների կատարման հնարավորությունը։

«Քարոզարշավը չսկսած՝ ոմանք ասում էին, որ պետք է լինի կեղծիք։ Իրականում ոչ մի բան չկա ու չի էլ լինելու, կարծում եմ։ Ասելով հո չի», - ասաց Սիմոնյանը։

Թեկնածուն ասաց, որ ինքը Երեւանի Կենտրոն համայնքում է մեծացել, շատերն են իրեն ճանաչում, Կենտրոնում մեծ շրջապատ ունի, քաղաքականությամբ շատ վաղուց է զբաղվում` դեռ 1990 թվականին Գերագույն խորհրդի ընտրություններին է մասնակցել։ Այնպես որ միշտ ակտիվ է եղել : Եթե խուսափել է թերթերի էջերին երեւալուց, չի նշնակում,որ ճանաչված գործիչ չէ: Հիմա էլ թեկնածուն գերադասում է բակային հանդիպումները ընտրողների հետ, բացել է 7 շտաբ:

Ինչ վերաբերում է մարքսիստ Դավիթ Հակոբյանին՝ նա նախընտրական շտաբեր չունի, քանի որ «նախ գումար չունի դրա համար», եւ երկրորդ՝ ժողովուրդը, ըստ նրա, իրեն շատ լավ է ճանաչում:
XS
SM
MD
LG