Մատչելիության հղումներ

ՀԲ. «2009-ը Հայաստանի համար դժվար տարի էր»


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիս

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիս

Ամփոփելով եւ գնահատելով 2009 թվականը` Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն ասում է, որ այն դժվար տարի էր Հայաստանի համար:

«Այս տարի աղքատության մակարդակը 3 տոկոսով աճել է Հայաստանում, զգալիորեն ավելացել է պետական պարտքը՝ 13-ից դառնալով 37 տոկոս [համախառն ներքին արդյունքի], իսկ ողջ տարվա կտրվածքով տնտեսական անկումը 16 -17 տոկոս է կազմելու, չնայած որ տնտեսական ճգնաժամն արդեն տեղի է տալիս, իսկ տնտեսությունը քիչ թե շատ կայունանում է», - հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարուդակիսը։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը Հայաստանի երկնիշ տնտեսական անկման մի քանի պատճառ է տեսնում. - «Հավանաբար Լատվիայից եւ Ուկրաինայից հետո Հայաստանը այն երկիրն է, որը ամենածանր հարվածն է կրել ճգնաժամի հետեւանքով, դրա պատճառը տնտեսության դիվերսիֆիկացման ցածր աստիճանն է, չափազանց մեծ կախումը շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներից, ինչպես նաեւ շինարարության ֆինանսավորման համար զգալի կախվածությունը սփյուռքից եւ հատկապես Ռուսաստանից ստացվող ֆինանասական միջոցներից` տրանսֆերտներից»:

Վարուդակիսը, սակայն, նշեց, որ գործնականում անհնար կլինի Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնել, մինչեւ չվերացվի կոռուպցիան հատկապես հարկային ու մաքսային կառույցներում, ինչես նաեւ օլիգոպոլիաները: «Դա պահանջում է քաղաքական կամք, որպեսզի բացահայտվեն այն կապերը, որ կան օլիգոպոլիաների եւ որոշ պաշտոնյաների միջեւ եւ բացառվեն շահերի բախման իրավիճակները, որ այժմ գոյություն ունեն», - կարծում է նա:

Հաջորդ տարվա համար Համաշխարհային բանկը ավելի դրական կանխատեսումներ է անում։ Ճգնաժամը ողջ աշխարհում տեղի է տալիս։ 2010 թվականին համաշխարհային բանկը 1,5 տոկոսի տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանի համար։
XS
SM
MD
LG