Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դատախազության անգործության փաստի առթիվ դիմելու են դատարան


2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանցից 9-ի իրավահաջորդների բողոքների կապակցությամբ Գլխավոր դատախազությունը որեւէ պատասխան չի տվել։ Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց զոհերի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

«Բողոքը ներկայացվել է Գլխավոր դատախազին։ Դա ուղարկվել է փոստով եւ բողոքները դատախազությունում մուտքագրվել են 2009 թվականի դեկտեմբերի 10-ին։ Համաձայն գործող օրենսդրության, դատախազությունը պարտավոր էր 3-օրյա ժամկետում որոշում կայացնել այս բողոքների կապակցությամբ», - ասաց Զեյնալյանը՝ հավելելով. - «Առկա է դատախազության անգործություն, եւ դատախազությունը այս բողոքի կապակցությամբ արդյունավետ քննություն չի իրականացնում»։

Զեյնալյանի կարծիքով, դատախազության անգործության փաստերը առկա են ոչ միայն այս կոնկրետ դրվագում, այլեւ՝ «հենց սկզբից, երբ սպանությունների առիթով քրեական գործ չի հարուցվել»։ Մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդները պատրաստվում են դատախազության անգործության փաստի առթիվ դիմել դատարան։

Ասուլիսից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Գլխավոր դատախազի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ Արտակ Զեյնալյանին հասցեագրված պատասխանը դատախազությունն ուղարկել է դեկտեմբերի 16-ին։

Արտակ Զեյնալյանը, սակայն, կրկին պնդեց, որ պատասխանը չի ստացվել։ Նա նաեւ նշեց, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 5-րդ կետի՝ դեկտեմբերի 15-ին բողոք ներկայացնողը պետք է ստացած լիներ դատախազության պատասխանը։
XS
SM
MD
LG