Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովը նախատեսում է քննարկել «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը հինգշաբթի օրը Փարիզում նախատեսում է քննարկել Հայաստանի Ազգային ժողովի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը:

Նիստից հետո պարզ կդառնա` ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում Հայաստանի հարցը քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ:

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ով չի մեկնելու Փարիզ, անհնար չի համարում Հայաստանի հարցի քննարկումը Խորհրդարանական վեհաժողովում:

«Ոչ միայն մոնիտորինգի տակ գտնվող երկիր է Հայաստանը, այլեւ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, որում հնարավոր է շատ հեշտորեն համոզվել, եթե վերցնեք եւ համեմատեք Հայաստանում տիրող իրավիճակը նույն ԵԽԽՎ-ի ընդունած 1677 բանաձեւի եւ այդ բանաձեւում արտահայտված պահանջների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Երկրորդ, [ԵԽԽՎ-ի] քարտուղարությունն ուսումնասիրում էր Նիկոյանի [«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի] զեկույցը, եւ դրա վերաբերյալ որոշակի դիրքորոշում պետք է արտահայտվեր, եւ այդ զեկույցը Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկման առարկաներից մեկն է լինելու` այդ զեկույցի վերլուծությունը եւ այդ զեկույցին տրվելիք գնահատականը», - նշեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը եւ հավելեց. - «Եթե այդ վերլուծությունը անաչառ է, ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ի ե'ւ քարտուղարությունը, ե'ւ Մոնիտորինգի հանձնաժողովը պարտավոր են խիստ բացասական գնահատական տալ այդ զեկույցին, որովհետեւ այդ զեկույցը զավեշտական զեկույց է»:

Գրիգորյանի համոզմամբ` «Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն, որ անեն այնպիսի քայլեր, այնպիսի բարեփոխումներ, եւ խուսափեն նաեւ այնպիսի քայլերից, ինչպիսին Նիկոյանի զեկույցը հրապարակելն է, որպեսզի Հայաստանը երբեք նման քննադատության թիրախ չդառնա»:

«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որը Ազգային ժողովին է ներկայացվել երկու ամիս առաջ, արժանացել է ընդդիմության եւ հատկապես Հայ ազգային կոնգրեսի խիստ քննադատությանը:

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի կարծիքով` «անհնար չի, որ Հայաստանի հարցը նորից սկսի քննարկվել Վեհաժողովում [նստաշրջանում]». - «Հայաստանը գտնվում է մոնիտորինգի տակ, Հայաստանը մոնիտորինգի ռեժիմից չի հանվել, չնայած հունիս ամսվա [1677] բանաձեւն ընդունելուց հետո եւ քաղբանտարկյալներին ազատելուց հետո հատուկ մոնիտորինգի ռեժիմի տակից հանվել է Հայաստանը: Բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանում բավարար առաջընթաց չի գրանցվել, եւ եթե որեւէ անաչառ մեկը համեմատի արված քայլերը 1677 բանաձեւում արձանագրված պահանջների ու հորդորների հետ, շատ հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ որեւէ շոշափելի առաջընթաց գոնե տեղի չի ունեցել»:

Միաժամանակ, ըստ Գրիգորյանի, «պետք է, սակայն, նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ Վեհաժողովը նաեւ ուրիշ բազմաթիվ հարցերով է զբաղված, եւ Հայաստանը, փաստորեն, ամբողջ մեկ տարի Վեհաժողովի ուշադրության կենտրոնում է եղել»: «Բայց ես կրկնում եմ, եթե Հայաստանում իրավիճակը որոշակի փոփոխություններ չունենա, ԵԽԽՎ-ն ինչ-որ պահի նորից, վստահ եմ, Հայաստանի հարցը Վեհաժողովի քննարկման առարկա կդարձնի», - հավելեց նա:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե փարիզյան նիստում պահանջելու է, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները քննարկման առարկա դառնան ոչ միայն Մոնիտորինգի հանձնաժողովում, այլեւ Խորհրդարանական վեհաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG