Մատչելիության հղումներ

Վրաստանում ընդդիմությանը մեղադրում են դավաճանության մեջ


Նոինո Բուրջանաձե եւ Սալոմե Զուրաբիշվիլի
Նոինո Բուրջանաձե եւ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրացական ընդդիմությունը պաշտոնական Մոսկվայի հետ համագործակցության ուղիներ է որոնում: Նման պնդումներով են հանդես գալիս իշխանություններին մոտ կանգնած մի քանի վրացական հեռուստաընկերություններ:

Վրաստանի հանրային հեռուստատեսությունը, օրինակ պնդում է, թե մի քանի օր առաջ վրացական ընդդիմության ղեկավարները, այդ թվում` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, Լոնդոնում գաղտնի բանակցություններ են անցկացրել Եվգենի Պրիմակովի հետ: Վրաց պաշտոնյաները ընդդիմության նման պահվածքը որակում են որպես դավաճանություն` հիշեցնելով, որ Պրիմակովը սերտ կապեր ունի ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ:

«Մի մոռացեք, որ 90-ականներին Պրիմակովը ղեկավարում էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը», - հիշեցրել է Վրաստանի սփյուռքի նախարար Նուգզար Ցիկլաուրին: «Չնայած ռուսամետ գործիչների նկատմամբ իմ վերաբերմունքը հայտնի է, այնուհանդերձ, ես համարում եմ, որ նմանատիպ հանդիպումները դրական կողմ էլ ունեն. եթե նախկինում այս ընդդիմադիրները փորձում էին արեւմտամետ ներկայանալ, ապա այժմ նրանք մի կողմ են դրել գառան մորթին: Բայց մի՞թե մենք Ռուսաստանի դեմ 200 տարի շարունակ պատերազմել ենք նրա համար, որ այսօր այդ դավաճանների թելադրանքով հրաժարվենք մեր ազատությունից», - ասել է Ցիկլաուրին:

Վրացական ընդդիմությունը, սակայն, կտրականապես հերքում է Պրիմակովի հետ հանդիպման փաստը: Ընդդիմության ղեկավարները շեշտում են, որ եթե Պրիմակովի հետ իրոք հանդիպած լինեին, այդ փաստը չէին թաքցնի:

Նինո Բուրջանաձեն, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. - «Այս լուրն ինձ համար անակնկալ էր, քանի որ, իմ ունեցած տեղեկություններով, ընդդիմության ղեկավարների մասնակցությամբ որեւէ նման հանդիպում Լոնդոնում չի կազմակերպվել: Ինչ վերաբերում է պարոն Պրիմակովին, ապա ես նրան անձամբ եմ ճանաչում, մենք բազմիցս հանդիպել ենք: Պրիմակովին ես համարում եմ հսկայական փորձառության տեր լուրջ պրոֆեսիոնալ: Եթե նման հանդիպման հնարավորություն լիներ, նույնիսկ եթե այդ հանդիպումը պատահական բնույթ կրեր, ես դա գաղտնի չէի պահի»:

«Ցավոք սրտի, վերջին շրջանում մեր կառավարության նախընտրած մեթոդը հեքիաթներ հորինելն է ինչ-որ գաղտնի հանդիպումների մասին, որոնց հայտնի քաղաքական գործիչներ են մասնակցել: Դրան զուգահեռ` այդ հանդիպումների մասնակիցներին հայրենիքի դավաճանի պիտակ են կպցնում», - ընդգծել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG