Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 17-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի հոդվածագրի կարծիքով` նոր տասնամյակում Հայաստանին պետք է նոր տիպի քաղաքական ուժ. - «Ի սկզբանե, դա, թերեւս, պետք է ոչ թե կուսակցություն լինի, այլ ավելի լայն ֆորմատի շարժում, որը հետագայում կարող է հիմք դառնալ միանգամից մի քանի ինքնուրույն քաղաքական հոսանքների կայացման: Այդ նոր ուժը երկու բան պետք է բերի քաղաքական դաշտ` նոր, միագամայն թարմ գաղափարներ (անշուշտ` նախկինի ժառանգության յուրացմամբ) եւ նոր կազմակերպչական որակ` հիմնված ներքին մրցակցության եւ իրական ժողովրդավարության վրա»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 7-րդ նիստը, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին, Երեւանում, հայկական զույգ պետությունների առաջին լուրջ պատասխանն էր ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերին, այլեւ Ղարաբաղյան բանակցային գործընթացը շրջանակային համաձայնագրով եզրափակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Բաքվից Երեւան համանախագահների չժամանելու պատճառների շուրջ տարբեր ենթադրություններ են արվում, սակայն դրանց շարքում մոռացության է տրվում հիմնականը. Վաշինգտոնից հետո Ղարաբաղյան բանակցային գործընթացի հանգուցալուծումն արագացնելու միջնորդների ջանքերը օբյեկտիվորեն սկսել են նպաստել Անկարայի առաջադրած Ղարաբաղյան նախապայմանի իրականացմանը։ Պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցից անմիջապես հետո Երեւան ժամանեց ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ։ Պատահական չէ նաեւ, որ իր ելույթում Ղուլյանը առաջադրեց ու հիմնավորեց բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը, ինչը «սկզբունքային է այն իմաստով, որ վերջնական որոշումների իրացնելիության երաշխիք կարող է դառնալ միայն դրանց նկատմամբ ԼՂՀ ժողովրդի համաձայնությունը»: Սա վկայում է, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող բանակցությունները մտել են եզրափակիչ հանգրվան, երբ Հայաստանը չի կարող որեւէ բան ստորագրել առանց 1994 թվականի մայիսյան զինադադարով բանակցային կողմ հանդիսացող ԼՂՀ-ի համաձայնության»։

«168 ժամ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը ասում է. - «Ակնհայտ է, որ տնտեսական ծանր ճգնաժամում գտնվող երկիրը դժվարությամբ կարող է դիմակայել արտաքին քաղաքական ճնշումներին: Ավելին, ներքին լարվածություններն էլ մեծապես նվազեցնում են նման ճնշումներին դիմակայելու պաշարները եւ խարխլում են դրա համար անհրաժեշտ բարոյական եւ կամային որակները: Գալիք տարին Հայաստանի համար լինելու է շատ ավելի ծանր բոլոր առումներով, այդ թվում եւ` արտաքին քաղաքականության ասպարեզում: Ակնհայտ է, որ երկրում անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների համատարած բացակայությունը, կենսական խնդիրների լուծման ժամանակ կիրառվող մակերեսային մոտեցումներն ու պարզունակ առեւտուրը տալիս են իրենց դառը պտուղները»:

Jane’s Intelligence վերլուծական կենտրոնի փորձագետ Մեթյու Քլիմենթը «Ժամանակ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Ես գրեթե անհնար եմ համարում հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը` առանց Լեռնային Ղարաբաղի խնդրում էական առաջընթացի: Թուրքիայի վրա ճնշում բանեցնելուց առաջ պետք է հաշվի առնել Թուրքիայի ներսում առկա բացասական տրամադրությունները, որոնք Անկարան չի կարող հաշվի չառնել: Ուստի հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը տարիների հարց է, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը նույնպես մոտալուտ կարգավորման հեռանկարից զուրկ է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանում է պաշտոնական այն հաղորդագրությունը, համաձայն որի` այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են կաշառակերության 51 դեպք: Թերթը գրում է. - «Սա, իհարկե, բացառիկ ցուցանիշ է: Իրականում կաշառակերության 51 դեպք կարելի է բացահայտել ոչ թե 11 ամիսների ընթացքում` ՀՀ ողջ տարածքում, այլ ընդամենը 11 րոպեի ընթացքում` կադաստրի որեւէ գրասենյակում: Բայց խնդիրը սա չէ: Իրականում Հայաստանի իրավապահ մարմինների գործունեության այս համեստ ցուցանիշները բոլորովին այլ բանի մասին են վկայում: Բոլորն էլ գիտեն, որ կաշառք վերցնող պետական պաշտոնյաները այդ կաշառքի մի որոշ մասը փոխանցում են «վերեւ» եւ դրանով իսկ ազատվում հետագա գլխացավանքից (այդ թվում` նաեւ իրավապահների կողմից բացահայտվելու վտանգից): Հետեւաբար, պաշտոնապես հրապարակված այս թիվը վկայում է, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է «վերեւներին» կաշառք տալուց հրաժարվելու 51 դեպք: Ընդ որում, Հայաստանում այսօր գործող տրամաբանության տեսանկյունից, դա շատ ավելի լուրջ հանցագործություն է»:

ՀՌԱՀ-ի նոր անդամ, նախկինում ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշում ունեցող Արմեն Մկրտչյանը «Առավոտ»-ին ասել է. - «Այն ժամանակ դեռ ես կողմնակից էի, որ «Ա1+»-ի հարցը չափից դուրս չքաղաքականացվեր, նույնիսկ զրույցներ եմ ունեցել «Ա1+»-ի լրագրողների հետ, խնդրելով, որ մենք հարցին չվնասենք այս պայքարին մեր ընդդիմադիր-կուսակցական պահվածքով, ավելի չսրենք հարաբերությունները: Երեւի ես այն ժամանակ ճիշտ էի, չգիտեմ, բայց գուցե մենք չափից դուրս քաղաքականացրինք: Իմ պատասխանատվության չափն էլ եմ ես այդտեղ զգում, հասկանալով, որ չէր կարելի նման քաղաքականացման տանել հարցը: Իհարկե, պետք է հասարակությունը ընդվզեր, իհարկե, պետք է մտավորականությունն իր խոսքն ասեր, բայց գնալ ծայրահեղ սրացման այդ հարցում` այդքան էլ ճիշտ չէր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG