Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պերմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 148-ի: Հրդեհի պատճառ են դարձել բեմում հրավառության համար տեղադրված սարքերը: Ըստ քննության վարկածի` խախտվել են անվտանգության կանոնները: Մինչդեռ հայաստանյան մի շարք ակումբներում անգամ կրակմարիչ չկա:

«Հայաստանում հակահրդեհային անվտանգության կանոնները կան եւ գործում են», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Ըստ նրա` Հայաստանում այս ոլորտը խստացնելու կարիք չկա, քանի որ այն իրեն լիովին արդարացնում է:

Հակահրդեհային քարոզչության բաժնի պետը ասաց, որ վարչության տեսուչները ստուգումներ են իրականացնում տարին մեկ անգամ եւ եթե ձեռնարկատերը չի կատարում տեսուչի պահանջները, ապա նա տուգանվում է 25-250 հազար դրամով: ՀՀ օրենսդրության համաձայն` տեսուչները լրացուցիչ ստուգումներ անելու իրավունք չունեն, այսինքն, եթե տեսուչը ուզում է իմանալ, թե արդյոք շտկվել է խնդիրը, պետք է սպասի մեկ տարի:

Սերգեյ Հայրապետյանը բացատրեց, որ հակահրդեհային անվտանգության կանոնները շատ են եւ կախված են տեղանքից, բայց կան ընդհանուր պահանջներ բոլորի համար, դրանցից է կրակմարիչի առկայությունը:

Երեւանյան մի քանի ակումբներում ացնկացված հարցումը ցույց տվեց, որ դրանցից ոչ բոլորն ունեն կրակմարիչ, ինչի պատճառը, ըստ Հակահրդեհային քարոզչության բաժնի պետի, ֆինանսական է:

Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից լիազորված մի ընկերությունից պարզեցինք, որ կրակմարիչների գները տատանվում են 11-ից մինչեւ 250 հազար դրամ:

Կառավարության որոշման համաձայն` մինչեւ 2011թվականը ոչ մի տեսակի ստուգում չի կարելի իրականացնել այն կազմակերպություններում, որոնց շահույթը չի գերազանցում 70 միլիոն դրամը: Սերգեյ Հայրապետյանը ասաց, որ մինչեւ հիմա խախտումներ հիմնականում գրանցվում էին հենց այդ խմբում, իսկ այժմ իրենք չեն կարող չենթարկվել գործադիրի որոշմանը:
XS
SM
MD
LG