Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփան Դեմիրճյան. «ՀԱԿ-ը ունի քաղաքական պայքարը շարունակելու ներուժ»


Ստեփան Դեմիրճյան

Ստեփան Դեմիրճյան

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ունի հանուն արդարության մղվող քաղաքական պայքարը շարունակելու ներուժ, եւ Կոնգրեսի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հավատարիմ է այդ պայքարին, թեեւ համարում է, որ դադարն էլ չափի մեջ պետք է լինի: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարեց ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

«Ինչ է նշանակում հավատարմություն` մենք միշտ եղել ենք պարկեշտ գործընկեր, միշտ: Եղել է, որ մեր նկատմամբ եղել են անպարկեշտ, բայց մենք միշտ եղել ենք պարկեշտ գործընկերներ», - շեշտեց Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«ՀԱԿ-ը ունի պոտենցիալ. այս դադարը, պաուզան որեւէ գործարքի ապացույց չէ, նշան չէ, հանրահավաքներ դեռ կլինեն: Սակայն դադարն էլ պետք է չափի մեջ լինի», - ասաց նա:

Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջը եւ վաղաժամ ընտրությունների անցկացումը մնում է Կոնգրեսի օրակարգում: Ըստ Ստեփան Դեմիրճյանի, ընտրությունների մասին այժմ խոսելը վաղաժամ է: Նրա խոսքով, առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի` որպես մեկ կուսակցություն հանդես գալու հարցը այժմ չի քննարկվում:

«Բազմիցս եմ ասել, որ ինքս կողմնակից եմ կուսակցությունները խոշորացմանը: Լավ կլինի, որ գաղափարական հենքի վրա իրականացվի կուսակցությունների միաձուլում: Այդ հարցը հիմա չի քննարկվում` թե ինչպես մասնակցել ընտրություններին, սակայն պետք է նաեւ ասեմ, որ ՀԺԿ-ն միշտ էլ եղել է համախմբման կողմնակից եւ դա ապացուցել է կոնկրետ քայլերով: Մասնավորապես, հենց այդ պատճառով` ընդդիմադիր հզոր բեւեռ ձեւավորելու նպատակով, ես չառաջադրվեցի անցած նախագահական ընտրություններում», - նշեց ՀԺԿ-ի առաջնորդը:

Պատասխանելով Կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներքին խմորումների վերաբերյալ հարցին` Ստեփան Դեմիրճյանը ընդգծեց, որ ՀԱԿ-ի ներսում տարաձայնություններ միշտ էլ եղել են, իսկ ընդհանրապես` այլ կուսակցությունում տեղի ունեցող գործընթացները մեկնաբանելը համարում է ոչ կոռեկտ:

«ՍԴՀԿ-ի հետ մենք լավ համագործակցել ենք, կոնկրետ` [ՍԴՀԿ-ի ատենապետ] Լյուդմիլա Սարգսյանի հետ: Դրա համար, իմ ցանկությունն է, ես շատ կուզենայի, որ արագ հանգուցալուծվեր այդ ճգնաժամը եւ շարունակվեր այդ համագործակցությունը: Բայց մյուս կողմն էլ, ես ինչքանով տեղյակ եմ, հարց չի դնում ՀԱԿ-ից դուրս գալու», - ասաց ՀԺԿ-ի ղեկավարը:

«Առհասարակ, մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ ունենք ընդհանուր եզրեր», - վստահեցրեց Ստեփան Դեմիրճյանը:
XS
SM
MD
LG