Մատչելիության հղումներ

Աբխազիայի անկախությունը ճանաչած պետությունների թիվը հասավ 4-ի


Տեսարան Սուխումիից

Տեսարան Սուխումիից

Եվս մի պետություն ճանաչեց Աբխազիայի անկախությունը: Խաղաղ օվկիանոսում գտնվող եւ ընդամենը 14 հազար բնակիչ ունեցող Նաուրույի արտգործնախարար Կիրեն Կեկեն երեքշաբթի օրը Սուխումիում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր է ստորագրել աբխազ պաշտոնակից Սերգեյ Շամբայի հետ:

Աբխազիայի փոխարտգործնախարար Մաքսիմ Գվինջիայի փոխանցմամբ` Նաուրույի խորհրդարանն արդեն իսկ վավերացրել է այս որոշումը, եւ երկկողմ համաձայնագրի կնքումը Նաուրույի կողմից Աբխազիայի ճանաչմանն ուղված քայլերից վերջինն էր:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` աշխարհի ամենափոքր պետություններից մեկը Աբխազիայի անկախությունը ճանաչել է, երբ պաշտոնական Մոսկվան խոստացել է 50 միլիոն դոլարի ֆինանսական անհատույց օգնություն հատկացնել:

Ինքնահռչակ կազմավորումների ճանաչումը Նաուրույի իշխանությունների համար վերածվել է շահույթի աղբյուրի: Տարիներ առաջ կղզու կառավարությունը մի շարք համաձայնագրեր կնքեց Թայվանի իշխանությունների հետ` փոխարենը Թայբեյից լուրջ ֆինանսական միջոցներ ստանալով:

Սուխումիում լուրջ ակնկալիքներ կան, որ մոտ ապագայում Աբխազիայի անկախությունը կճանաչի նաեւ Էկվադորը: Վերջերս աբխազական մի մեծ պատվիրակություն էր մեկնել Լատինական Ամերիկա` հանդիպելով Էկվադորի նախագահի հետ:

«Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք: Պայմանավորվել ենք տնտեսական համագործակցության զարգացման մասին: Այժմ Աբխազիայի եւ Էկվադորի հարաբերությունները զուտ քաղաքական կապերով չեն սահմանափակվում: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Էկվադորը կճանաչի Աբխազիայի անկախությունը», - ասել է Աբխազիայի արտգործնախարարի տեղակալ Մաքսիմ Գվինիջիան:

Նաուրույի այս որոշումից հետո Աբխազիան որպես անկախ պետություն ճանաչած երկրների թիվը հասավ չորսի: Վերջին մեկ տարում Ռուսաստանի օրինակին հետեւել էին նաեւ Նիկարագում եւ Վենեսուելան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG