Մատչելիության հղումներ

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակում պաշտոնական լիազորություններն անցնելու մեղադրանքով ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում երեքշաբթի տեղի ունեցած նիստում ցուցադրվեց տեսանյութը, որի հիման վրա քրեական գործ էր հարուցվել նրանց նկատմամբ։

Մեղադրյալ ոստիկանների պաշտպան Արշակ Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ տեսանյութն ապացուցում է, որ ոստիկանների գործողությունների որակումը ճիշտ չի տրվել։

«Ապացույցները նայեցինք. այն անհայտ անձը (որն այս գործով ենթադրյալ տուժողն է) մոտենում, հայհոյում եւ քար է նետում իմ պաշտպանյալի վրա։ Գեղամ Հարությունյանը զգուշացնում է, որ` մի հայհոյիր, քար մի նետիր, երբ փորձում է փախչել, ոստիկանը հարվածում է վերջույթներին, որ նրան կարգի հրավիրի։ Բայց, տեսնելով, որ խառնաշփոթ է, փախուստի է դիմում», - մեկնաբանեց Թովմասյանը։

«Վերջիվերջո ոստիկաններն էլ են մարդ»,- դատարանի իր ցուցմունքում հայտարարեց Գեղամ Հարությունյանը, ով, ըստ պաշտպանի, մարտի 2-ի առավոտյան դիմել է բուժօգնության՝ այրվող աղբամաններ, ոզնիներ, քարեր, փայտյա եւ մետաղյա ձողեր նետող անձանց գործողությունների հետեւանքով։

Գեղամ Հարությունյանի ցուցմունքի համաձայն, նա երկու անգամ հարվածել է տուժողին, ում անձը մինչ այժմ չի պարզվել, նպատակ ունենալով վերջինիս կարգի հրավիրել, քանի որ, ըստ ամբաստանյալի, տուժողը նաեւ «հայհոյում էր»։

«Միգուցե այդ պահին ավելորդ մի քայլ արեցի», - խոստովանեց ոստիկանը՝ նշելով, սակայն, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Մյուս ոստիկանը եւս պնդեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում, եւ հրաժարվեց ցուցմունքներ տալուց։

Երկու ոստիկանները նախաքննության ժամանակ տվել էին ինքնախոստովանական ցուցմունքներ։

Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի պաշտպան Արշակ Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հաջորդ դատական նիստին` դեկտեմբերի 18-ին, դատարանից պահանջելու է կայացնել արդարացման դատավճիռ իր պաշտպանյալների նկատմամբ։

Մեղադրող եւ պաշտպանական կողմերը պատրաստվում են հաջորդ նիստին հանդես գալ ճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG