Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հնարավոր է գտնել լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ էթնիկ զտումների»


Հայաստան -- նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատվիրակությանը, Երեւան, 15-ը դեկտեմբերի, 2009թ.
Հայաստան -- նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատվիրակությանը, Երեւան, 15-ը դեկտեմբերի, 2009թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երեքշաբթի ընդունելով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատվիրակությանը, վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան բանակցությունների արդյունքում «հնարավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ նոր էթնիկ զտումների»։

«Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազները` իրականությունից, արդար լուծումները` հավակնություններից տարբերել կարողանան», - նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ասել է Սերժ Սարգսյանը։

Նախքան Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատվիրակությանը` ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, Երեւանում մասնակցել է Հայաստանի եւ Ղարաբաղի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին։

Նիստի օրակարգում Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդագրական վիճակն էր, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում Ղարաբաղյան հիմնախնդրի ներկայացման եւ Ղարաբաղի շուրջ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունն ապահովելու խնդիրներին։

Հանձնաժողովի փակ քննարկմանը բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությունն ապահովելու հարցը, մասնավորապես, բարձրացրել է Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Իր խոսքում նախագահ Սարգսյանը նույնպես անդրադարձել է բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության խնդրին՝ ընդգծելով. - «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողության բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

Սերժ Սարգսյանը նաեւ ողջունել է Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների համագործակցությունը եւ հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի միջոցով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորները նոր հնարավորություններ կստանան՝ «ավելի ընդգրկուն մասնակցություն ունենալու տարածաշրջանային ու միջազգային ամենատարբեր գործընթացներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG