Մատչելիության հղումներ

Սեւանա լճի հիմնահարցերի լուծման ուղղությամբ այս տարի նախատեսված բոլոր միջոցառումները իրականացվել են


Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումները ամբողջությամբ իրականացվել են: Այդ մասին երեքշաբթի հայտնել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որին մասնակցել է նաեւ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է իր ղեկավարած հանձնաժողովի այս տարվա գործունեության արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է 2010 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:

Համաձայն զեկույցի` հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ հանգամանալի քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա լճի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:

Հանձնաժողովը համապատասխան գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք է կատարել Սեւանա լճի մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ:

Մասնավորապես` կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3 կիլոմետր վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները, Սեւանա լճի բնապահպանական ծրագրերի շրջանակում սկսվել են Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերականգնման աշխատանքները, ընթացքի մեջ են Սեւան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Լճաշենի ջրածածկող հատվածի շինարարական աշխատանքները:

Որոշակի աշխատանք է կատարվել նաեւ Սեւանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ կասեցվել է Արարատի ոսկու կորզիչ գործարանը Սեւանի ավազանի Սոտքի տեղամաս տեղափոխելու գործընթացը:

Հանձնաժողովի 2010 թվականի աշխատանքային ծրագրում հիմնական շեշտը դրվել է լճի մակարդակի բարձրացման, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի մաքրության, էկոհամակարգի պահպանության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG