Մատչելիության հղումներ

logo-print

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը թիվ 10 ընտրատարածքում քարոզչություն չի իրականացնի


Հայաստան -- Մարքսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան, 15-ը դեկտեմբերի, 2009թ.

Հայաստան -- Մարքսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան, 15-ը դեկտեմբերի, 2009թ.

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, մարքսիստ Դավիթ Հակոբյանը շտաբներ չի բացելու եւ քարոզչություն չի իրականացնելու, քանի որ ժողովուրդը իրեն «շատ լավ է ճանաչում» եւ հետո՝ ֆինանսական հնարավորություն չունի։

«Օլիգարխներին այդ մասին խնդրել երբեք չեմ ուզում, որ նրանց կապովի շունը չդառնամ», - երեքշաբթի հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահը։

Դավիթ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից՝ աննպատակահարմար համարելով համագործակցությունը քաղաքական այդ դաշինքի հետ։ Պատգամավորության թեկնածուի համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսը այդպես էլ համաժողովրդական ընդդիմություն չդարձավ, այլ մնաց ՀՀՇ-ական ընդդիմություն։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսից հեռանում նախընտրական այս փուլում, Դավիթ Հակոբյանը պատասխանեց, թե չի ցանկանում, որ Կոնգրեսը հետո իրեն մեղադրանքներ ներկայացնի. - «Որ վաղը չասեն, թե դուք Նիկոլի ձայները փոշիացրիք, դավաճա՛ն»։

«Ձեզ մնա ձեր ձայները», - շեշտեց Հակոբյանը։

Հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարելու են Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG