Մատչելիության հղումներ

ԱԺ-ի պատգամավորները կոչ են անում ազատ արձակել Սասուն Միքայելյանին


Հայաստան -- ԱԺ-ի 21 պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել Սասուն Միքայելյանին

Հայաստան -- ԱԺ-ի 21 պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել Սասուն Միքայելյանին

Ազգային ժողովի 21 պատգամավորներ` իշխող կոալիցիայի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներ եւ անկախ պատգամավորներ, բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ներում շնորհել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին:

Պատգամավորները մտահոգություն են հայտնել Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին՝ ընդգծելով. - «Անկախ նրանից, թե Միքայելյանն ինչ պատճառներով է կալանավորվել, մենք խնդրում ենք ՁԵզ` օգտվելով Սահմանադրության 55 հոդվածով ՁԵզ վերապահված լիազորություններից, ներում շնորհելու միջոցով ազատել Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից»:

Դեկտեմբերի սկզբին շնչառական համակարգի վիրահատության ենթարկվելու նպատակով Սասուն Միքայելյանը, ում առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն (նախկին Հանրապետական) հիվանդանոց, որտեղ նա շարունակում է մնալ ոստիկանների խիստ հսկողության տակ։

Շնչուղիների հետ կապված խնդիրներից բացի անհանգստության առիթ է տալիս նաեւ նախկին պատգամավորի սրտի վիճակը։ «Արմենիա» բժշկական կենտրոնի Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ, մասնավորապես, խնդիրներ է հարուցում սրտամկանի հետին պատի վիճակը։

«Ավելի վատ կարելի է գնահատել սրտի վիճակը։ Անգամ ունենալով նման տվյալներ պիտի փորձենք գնալ մեծ ռիսկով վիրահատության», - նշեց Մինասյանը՝ հավելելով. -«Լիկվիդացնելով քիթ-կոկորդ-ականջաբանության առկա խնդիրները՝ հետվիրահատական շրջանում, կարծում եմ, որ նորից կանցնի քննություն սրտամկանի հետ կապված պրոբլեմների վերաբերյալ եւ համապատասխան եզրակացությունը կթողնենք նեղ մասնագիտացված սրտաբանների»։

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ կալանավայրից Սասուն Միքայելյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե լինի բժշկական համապատասխան եզրակացություն, որ նրա ծանր հիվանդությունը համատեղելի չէ պատիժը կրելու հետ:

Բժիշկ Ավետիք Մինասյանի բացատրությամբ, իր իրավասությունների շրջանակում է Սասուն Միքայելյանի առողջության վերաբերյալ համապարփակ եզրակացություն ներկայացնել միայն այն ժամանակ, երբ ավարտի Սասուն Միքայելյանի բուժումը։

ՀՀԿ խմբակցությունը պարզաբանում է


Այսօր ավելի ուշ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը պարզաբանում է տարածել՝ կապված Սասուն Միքայելյանին ազատ արձակելու մասին նամակի հետ։

Նամակում ասված է. - «Ըստ լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, ՀՀԿ խմբակցության մի քանի անդամներ ստորագրել են Սասուն Միքայելյանին ներում շնորհելու միջնորդագրի տակ։ Հայտնում ենք, որ ըստ գործող օրենքների նման լիազորություն չի նախատեսված։ ՀՀԿ խմբակցությունը առաջնորդվում է միայն ու միայն օրենքներով։ Խմբակցության անդամներին բանավոր ներկայացրել են մի բան` փորձելով մարդասիրական մոտեցումներ ձեւավորել։ Այնպես որ նույնիսկ եթե ստորագրել են, դա չի կարող վերաբերել առաջադրված տեքստին»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG