Մատչելիության հղումներ

Ֆերերո-Վալդները չի բացառում ապագայում նախկին խորհրդային երկրների անդամակցությունը ԵՄ-ին


Բենիտա Ֆերերո-Վալդներ
Բենիտա Ֆերերո-Վալդներ

Նախկին խորհրդային երկրները դեռեւս չեն հասունացել Եվրամիությանը անդամակցելու համար, սակայն ապագայում այդ հնարավորությունը չի բացառվում: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները։

«Մենք փորձում ենք նախկին Խորհրդային Միության երկրներին տրամադրել բոլոր հնարավորությունները՝ Եվրամիությանը առավել մերձենալու համար, սակայն կա մեկ հարց, որ դեռեւս չի հասունացել. դա Եվրամիությանը նրանց անդամակցության հարցն է։ Մենք մշտապես ասել ենք` «վերցրեք այն, ինչ այս պահին մենք կարող ենք ձեզ առաջարկել, փորձեք համապատասխանել մեր առաջադրած չափանիշներին եւ օգտագործեք առավել սերտ հարաբերություններ ունենալու հնարավորությունը»։ Այս պահին մենք չենք կարող հստակ պատասխանել անդամակցության վերաբերյալ հարցին, միեւնույն ժամանակ՝ չենք կարող բացառել այդ հնարավորությունը ապագայում», - ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատարը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ արեւելյան գործընկերների հետ շփումներում Եվրամիությունը շարունակաբար ընդգծում է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը։ «Ես մշտապես բավական խիստ եմ վերաբերվել այդ հարցերին նախկին Խորհրդային Միության ղեկավարների հետ անձնական շփումներում, սակայն միշտ չէ, որ նեղն եմ գցել նրանց հանրության առջեւ», - ասել է Ֆերերո-Վալդները եւ բացատրել. - «Կարծում եմ, շատ կարեւոր է, որ մենք վստահություն ունենանք այդ երկրների ղեկավարների մոտ եւ իմանանք, որ կարող ենք անգամ ամենադժվարին հարցերը քննարկել նրանց հետ»։

Ընդգծելով, որ իր համոզմամբ` պատժամիջոցները որեւէ տեղ չեն տանում, եւ առկա խնդիրները առավել նպատակահարմար եւ արդյունավետ է լուծել երկխոսության ճանապարհով, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ասել է. - «Բարեփոխումները հենց այդ երկրների շահերից են բխում, ինչպես որ Եվրամիության շահերից է բխում այդ ճանապարհին նրանց աջակցելը: Մենք կարծում ենք, որ այդ երկրները պետք է օգտագործեն Եվրամիությանը մերձենալու հնարավորությունը: Մյուս կողմից, կարծում եմ, կարեւոր է, որ Արեւելյան գործընկերության ծրագրով մենք ցույց տանք մեր հարեւաններին, այդ թվում Ռուսաստանին, որ սա մեր ընդհանուր տարածաշրջանն է, եւ այս երկրներում կայունության հաստատումը Մոսկվայի դեմ չէ։ Դա կատարվում է հանուն այդ երկրների, արդյունքում ՝ դրանից շահում ենք բոլորս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG