Մատչելիության հղումներ

Սահմանադրագետ. «Մեր օրենսդրությունը ստորագրությունները հետ վերցնելու մասով կանոնակարգում չունի»


Թուրքիա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ձախից) զրուցում է Թուրքիայի իր գործընկերոջ հետ Բուրսայում, Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ, 14-ը հոկտեմբերի, 2009թ.

Թուրքիա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ձախից) զրուցում է Թուրքիայի իր գործընկերոջ հետ Բուրսայում, Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ, 14-ը հոկտեմբերի, 2009թ.

Պետական տարբեր գերատեսչություններ որեւէ կերպ չեն մեկնաբանում նախագահ Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արած այն հայտարարությունը, թե ինքը համապատասխան մարմիններին միջազգային իրավունքից բխող հնարավորություններին եւ միջազգային պայմանագրերի ստորագրմանը վերաբերող օրենքներում հնարավոր փոփոխություններ կատարելու հանձնարարություն է տվել։

Օրենսդրական նախաձեռնության առումով այս հարցի թիվ մեկ պատասխանատու գերատեսչությունը արտաքին գործերի նախարարությունն է, բայց այդ կապակցությամբ որեւէ տեղեկատվություն չտրամադրեցին ո՛չ արտգործնախարարությունում, ո՛չ նախագահի աշխատակազմում, ո՛չ էլ արդարադատության նախարարությունում: Մինչդեռ վերջին օրերին հարցը ակտիվորեն շոշափվում է մամուլում. գնահատականներ են հնչում, որ «հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կամ չեղյալ հայտարարելու համար Հայաստանի գործող օրենսդրությունը փոփոխելու կարիք ամենեւին էլ չկա, եւ որ նախագահն այդ հայտարարությունն արել է բոլորովին այլ նպատակով»։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Սերժ Սարգսյանի հիշյալ հայտարարությունը զուտ քաղաքական էր եւ պայմանավորված էր ոչ թե օրենսդրական բարելավման անհրաժեշտությամբ, այլ հնչել է` ի պատասխան Ղարաբաղի հետ կապված թուրքական կողմի հայտարարություններին»:

Իրավաբան, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Հայաստանի գործող օրենսդրությամբ միջազգային վավերացված պայմանագրերը հաստատելու կամ չեղյալ հայտարարելու պրակտիկա նախատեսվում է։

Օրենքով, սակայն, կարգավորված չէ մեկ նրբերանգ, նշեց սահմանադրագետը. - «Միջազգային պրակտիկայում գոյություն ունի մինչեւ վավերացումը ստորագրությունները հետ վերցնելու ինստիտուտ, այս դեպքում խոսքը հենց այդ մասին է, որի մասով կանոնակարգում մենք չունենք»:

Այդուհանդերձ Հրայր Թովմասյանը չի շտապում ենթադրություններ անել, թեեւ նշեց, որ ստորագրությունները հետ վերցնելու դեպքում՝ «վերջակետ է դրվում, եւ այդ հարցն այլեւս չի կարող շարունակություն ունենալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG