Մատչելիության հղումներ

«Սեւան» ՔԿՀ-ի աշխատակիցը կասկածվում է դատապարտյալների շրջանում թմրանյութեր իրացնելու մեջ


Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից այսօր իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի փոխանցմամբ` խուզարկության ընթացքում Առաքելյանի համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը «սուբոտեքս», «ափիոն», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ են եւ քացախաթթվի անհիդրիդ, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին:

Պարզվել է, որ Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ կրել է պարբերական բնույթ:

Նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն:

Այս ամիս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել եւ կանխվել է քաղաքացիների կողմից թմրամիջոցների փոխանցման 8 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG