Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը արժանացել է Հիլարի Քլինթոնի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակին


Մարի Յովանովիչ

Մարի Յովանովիչ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում»:

«Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար` պետքարտուղար Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը` որպես Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, խթանելու եւ պաշտպանելու հարցում», - ասված է հաղորդագրությունում: - «Պետքարտուղար Քլինթոնը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի եւ նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունությունը` ուղղված 2008 թվականի փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, եւ դեսպանի ջանքերը` ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ»:

Մրցանակի շնորհման մասին հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության կողմից կատարվել է դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից, թե լրատվամիջոցներից», - հայտարարել է Մարի Յովանովիչը: - «Ինչպես նշել է պետքարտուղար Քլինթոնը` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ցանկացած բանական էակի բնատուր իրավունքներն են, որոնք մարդկային արժանապատվության, միջազգային խաղաղության ու առաջընթացի հիմքն են կազմում: Դիվանագիտական իմ ողջ գործունեության ընթացքում ես հավատացել եմ այդ սկզբունքներին եւ, որտեղ էլ որ աշխատել եմ, ձգտել եմ խթանել այդ սկզբունքները»:

Կարծիք հայտնելով, որ 18 տարիների ընթացքում Հայաստանը առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրավունքների ոլորտում դեռ շատ անելիք կա, դեսպանը հավելել է. - «Ես ուզում եմ օգնել այդ հարցում եւ ուզում եմ դա անել կառուցողականորեն»:



Հայստան -- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ, Երեւան, հոկտեմբեր 2009

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG