Մատչելիության հղումներ

Հետխորհրդային մի քանի երկրներ առնչություն ունեն Թաիլանդում բացահայտված սկանդալին


«Իլ-76»
«Իլ-76»
Շաբաթ օրը Թաիլանդում վայրէջք կատարած «Իլ-76» օդանավում շուրջ 35 տոննա զենք-զինամթերքի հայտնաբերումը միջազգային սկանդալի կարող է հանգեցնել: Ինքնաթիռն իր բեռով կալանքի տակ է, ձերբակալված են 5 օդաչուները, որոնցից 4-ը Ղազախստանի, 1-ը` Բելառուսի քաղաքացիներ են: Թաիլանդի դատարանը երկուշաբթի օրը քննելու է ոստիկանության հայցը, որով պահանջվում է երկարացնել ձերբակալված օդաչուների կալանքի ժամկետը:

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վերալիցքավորման համար վայէջք կատարած բեռնատար օդանավում հայտաբերվել են զենիթային հրթիռներ, ականներ, պայթուցիկներ:

Վերջին տվյալներով` արդեն պարզվել է, որ «Իլ-76» տրանսպորտային օդանավը գրանցված է Վրաստանում` տեղի ավիաընկերություններից մեկի ռեեստրում: Վրաստանի տրանսպորտային դեպարտամենտի ղեկավար Գեորգի Բակուչավան հաստատել է այդ փաստը, բայց ասել է, որ օդանավը վարձակալել էր բեռնափոխադրումներ կատարող ուկրաինական մի ավիաընկերություն:

Ուկրաինայի արտգործնախարարությունը զբաղված է մանրամասները պարզելով:

Ղազախստանի դեսպանությունը դիմել էր Թաիլանդի իշխանություններին` խնդրելով գրավի դիմաց ազատ արձակել իրենց քաղաքացիներին, բայց դիմումը մերժվել է:

Բելառուսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածներից մեկը Բելառուսի քաղաքացի է. նրա հարցով զբաղվում է Վիետնամում Բելառուսի դեսպանությունը:

Ձերբակալված օդաչուներին մեղադրանք է առաջադրվել ավիացիոն կարգը խախտելու եւ ապօրինի զենք վաճառելու հոդվածներով: Նրանք մեղադրանքը չեն ընդունում` ասելով, թե իրենք միայն թռիչք են իրականացնում, բեռի մասին ոչինչ չգիտեն: Սակայն Թաիլանդի փոխվարչապետը լրագրողներին հայտնել է, որ օդաչուները փորձել էին թաքցնել իրականությունը եւ մինչեւ օդանավի ստուգումը ասել էին, թե մեխանիզմներ են տեղափոխում նավթի հորատանցքերի համար:

Օդանավի հրամանատարը հայտնել է, որ թռիչքն իրականացրել են Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանից եւ ուղեւորվում էին Շրի Լանկա: Եթե պարզվի, որ զենքը հյուսիսկորեական է, դա կնշանակի, որ այդ երկիրը խախտել է ՄԱԿ-ի հաստատած սահմանափակումները:

Ուսումնասիրվում է նաեւ զենքը գրոհայիններին, ահաբեկիչներին վաճառելու վարկածը:

Այս միջադեպի ու անցկացված հետաքննության արդյունքների մասին առաջիկա 45 օրվա ընթացքում Թաիլանդի իշխանությունները զեկույց են ներկայացնելու ՄԱԿ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG