Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 25-րդ նիստին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 25-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Կառավորության հաղորդակցության համաձայն, համաժողովի աշխատանքը լուսաբանող հայ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է օրակարագի երկու կարեւոր խնդիր` Հակաճգնաժամային հիմնադրամի աշխատանքը եւ Ինովացիոն հիմնադրամի ձեւավորումը, որոնց շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

«Մենք հավաքագրել ենք ութ նախագծեր, որոնք ունեն ինտեգրացիոն բովանդակություն, եւ կարող ենք հակաճգնաժամային ծրագրի վարկային միջոցներից ակնկալիքներ ունենալ: Դրանք շուրջ 500 մլն դոլարի հասնող ենթակառուցվածքային վարկային ծրագրեր են, որ ընդգրկում են էներգետիկայի, քիմիայի եւ այնպիսի այլ ոլորտներ, որոնք պարունակում են համագործակցության եւ ինտեգրացիայի միտումներ», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի անդամ չէ, վարչապետը պատասխանել է, որ մենք ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ ուղղակի սահման չունենք։

«Դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք այդ երկրների հետ խորացնենք եւ ընդլայնենք մեր բոլոր տեսակի հարաբերությունները: Ինչպես նշեցի, 20 համաձայնագիր կա, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին: Մենք շահագրգռված ենք այդ համաձայնագրերի մասնակիցը լինել եւ մեր հարաբերություններն ընդլայնել ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ, որովհետեւ դա բխում է մեր տնտեսական, քաղաքական շահերից: Դիտորդի կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս տեղյակ լինել, թե ինչպիսի զարգացումներ են գնում ԵվրԱզԷՍ-ի ներսում։ Բնականաբար, դա նպաստում է, որպեսզի մենք, լինելով առավել տեղեկացված, օգտվենք ընձեռվող հնարավորությունից»,- մանրամասնել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG