Մատչելիության հղումներ

logo-print

Աբխազիայի հայ համայնքը դեկտեմբերի 12-ի նախագահական ընտրություններում պաշտպանում է Սերգեյ Բաղապշին


Աբխազ զինծառայողները ուսումնասիրում են նախագահի թեկնածուների նախընտրական պաստառները Սուխումիում, 11-ը դեկտեմբերի, 2009

Աբխազ զինծառայողները ուսումնասիրում են նախագահի թեկնածուների նախընտրական պաստառները Սուխումիում, 11-ը դեկտեմբերի, 2009

Աբխազիայի փաստացի նախագահի պաշտոնի համար դեկտեմբերի 12-ին կայանալիք ընտրություններում կպայքարեն 5 թեկնածուներ՝ գործող նախագահ Սերգեյ Բաղապշը, նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, Սուխումիի նավահանգստի տնօրեն, Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցության նախագահ, գործարար Բեսլան Բուտբան, Աբխազական ջերմանավային պետական ընկերության ղեկավար Զաուր Արձինբան եւ փիլիսոփայության ու տնտեսագիտության դոկտոր Վիտալի Բգանբան:

Պաշտոնական տվյալներով ցուցակներում ընդգրկված է 140 հազար ընտրող, նրանցից 32 հազարը կամ ավելի քան 20 տոկոսը ազգությամբ հայեր են: Աբխազիայի հայ համայնքի խորհուրդը նոյեմբերի վերջին որոշում կայացրեց աջակցել գործող նախագահ Սերգեյ Բաղապշին:

«Մենք այս որոշմանը հանգել ենք ձայների ճնշող մեծամասնությամբ: Բայց դա չի նշանակում, որ Աբխազիայի քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր հայ պարտավոր է քվեարկել Բաղապշի օգտին: Բոլորն էլ ազատ են իրենց ընտրության մեջ` քվեարկել գործող նախագահի օգտին, թե ոչ, առհասարակ գնալ ընտրության, թե չգնալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սերգեյ Մաթոսյանը:

2004 թվականի ընտություններում Աբխազիայի հայերը պաշտպանում էին Բաղապշի հիմնական հակառակորդի` պաշտոնական Մոսկվայի աջակցությունը վայելող Ռաուլ Խաջիմբայի թեկնածությունը: Ու թեեւ առաջիկա ընտրություններին եւս Խաջիմբան առաջադրվել է, հայկական ընտրազանգվածը նրա օգտին հազիվ թե քվեարկի. այս ընտրարշավ Խաջիմբան մուտք է գործել ազգայնական կարգախոսներով` պնդելով, թե քաղաքական ամբողջ իշխանությունը Աբխազիայում պետք է կենտրոնացած լինի բացառապես աբխազների ձեռքում:

Հաշվի առնելով այն, որ 2004 թվականին Բաղապշին հաջողվել էր ստանալ Աբխազիայի հարավային՝ Գալիի շրջանում բնակվող էթնիկ վրացիների ձայները, Խաջիմբան հասավ նրան, որ այս տարի սահմանափակի Բաղապշի օգտին քվեարկող վրացիների ձայները: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրելու իրավունք այսուհետ ունեն միայն աբխազական անձնագիր ունեցողները:

Այսպիսով, այս ընտրություններում Աբխազիայում բնակվող շուրջ 45000 վրացիների միայն մեկ-քառորդը կունենա ընտրելու իրավունք:

Պայքարը ընթանալու է հիմնականում երկու թեկնածուների՝ վաղեմի մրցակիցներ Սերգեյ Բաղապշի եւ Ռաուլ Խաջիմբայի միջեւ, սակայն վերլուծաբանները բարձր են գնահատում գործարար Բեսլան Բուտբայի հնարավորությունները:

Ռուսաստանի գերիշխանությունը Աբխազիայում ակնհայտ է: Աբխազ բնակիչներից շատերը ունեն նաեւ ռուսական անձնագիր՝ արտասահման ճամփորդելու համար, ռուսական ռուբլին մնում է տեղի պաշտոնական դրամական միավորը, աբխազ հասարակությունը շփվում է առավելապես ռուսերենով եւ Ռուսաստանը մնում է Աբխազիայի միակ խոշոր արտասահմանյան ներդրողը:

«Չեմ կարծում, թե վաղվա ընտրություններով որեւէ բան կփոխվի Աբխազիայում»,- կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Թբիլիսյան գրասենյակի ղեկավար Լորենս Շիթսը, իսկ դրա պատճառը, ըստ նրա, պետք է փնտրել այն հարցի պատասխանի մեջ, թե որքանով են ինքնուրույն եւ ազատ տեղի իշխանությունները իրենց գործողություններում:

Աբխազիայում նախագահական ընտրությունները վաղը կանցնեն առանց որեւէ միջազգային դիտորդական առաքելության ներկայության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG